Հայ գիտնականների վիճակը ծայրահեղ է, բայց արդյունավետությամբ նրանք առաջինն են աշխարհում. Արթուր Իշխանյան

13:11 • 14.08.13

ՀՀ գիտության ոլորտում վիճակն այսօր ծայրահեղ է. գիտնականների թիվը շատ քիչ է և շատ ծեր են, մինչդեռ զարմանալի պարադոքս կա, այս պայմաններում Հայաստանի գիտնականներն իրենց արդյունավետությամբ առաջինն են աշխարհում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։


«Խորհրդային տարիներին գիտական մեծ տնտեսություն էինք ժառանգել, փաստացի աշխարհում առաջին տեղն էինք զբաղեցնում, թե գիտնականների թվով, թե կառուցվածքի առումով, թե մեծ թվով ինստիտուտների նաև ֆինանսավորմամբ»,– ասաց նա։


Արթուր Իշխանյանի խոսքով՝ Խորհրդային տարիներին Հայաստանում մոտ 30 000 գիտնականներ կային, իսկ այսօր պատկերը հակառակն է։


«Այսօր մենք 1 մլն բնակչին ընկած հաշվով գիտնականների թվով զիջել ենք զգալիորեն՝ ֆինանսավորմամբ գլորվել ենք վերջին տեղերը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ինստիտուտները անգործության են մատնվել, գիտնականները սարսափելի ծերացել են, ունենք մոտ 4000 գիտնական և որոնց միջին տարիքը հիմնականում հատել է 60-ը։


Արթուր Իշխանյանը նշեց, որ այս պայմաններում իշխանությունները հայտարարել են, թե երկրի ապագան կապում են գիտության հետ։


ԳԱԱ թղթակից անդամը չի մոռանում խոսել նաև դրականից։ «Հայաստանի գիտնականները իրենց արդյունավետությամբ զբաղեցնում են առաջին տեղն աշխարհում, սա զարմանալի է, բայց փաստարկված է տարբեր զեկույցներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՊՀ ակադեմիաների իրականացրած հետազոտությամբ, ինչը զարմանալի պարադոքս է»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանն արտադրում են նաև բարձր մակարդակի պատրաստված գիտնականներ, որոնք մեծ հեշտությամբ գտնում են տեղեր աշխարհի լավագույն համալսարաններում։


«Կա անդունդ պաշտոնական հայտարարությունների և իրականության միջև։ Պատկերը հստակ է գիտնականն ամենաանտեսված խավն է»,- ասաց նա և հստակեցրեց, որ եթե ավելի վաղ շրջանում գիտական ոլորտում տեղի ունեցող խնդիրների համար իրենց բաժին մեղքն ունեին ավելի ցածր օղակները, այսօր արդեն խնդիրը կառավարության և առաջին դեմքերի մեջ է։


«Գիտական համակարգը կարգաբերված է, ոլորտը համեմատաբար մաքրվել է, օրենսդրական դաշտը բարելավվել է, պատկան մարմինները երկրում ստեղծել են փորձագիտական համակարգ, որը կատարյալ չէ, բայց դինամիկ փոփոխվում է, մշակվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն, հրաշալի փաստաթուղթ է, ներկա վիճակը թվարկված է, տեսլականը ներկայացված և նշված դրան հասնելու քայլերը, այժմ հերթը զուտ կառավարությանն է, նա պետք է այնպես անի, որ հասարակությունը տեսնի գիտության ներդրումը մեր տնտեսության զարգացման մեջ»,– ասաց նա։


Արթուր Իշխանյանի խոսքով՝ եթե այն ժամանակ ավելի ցածր օղակների ոչ ադեկվատ քայլերն էին խոչընդոտում գիտության զարգացմանը, ապա վերջին տարիներին դրանք արդեն շտկվել է, բայց արդենք քայլ անելու հերթը բարձր օղակներինն է՝ կառավարության և առաջին դեմքերի»,-ասաց նա։


Արթուր Իշխանյանը նաև ասաց, որ ողջունում է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որին նախագահի կողմից 100 մլն դրամ, նույնքան էլ հատկացվել է բյուջեով և նույնքան էլ արդեն հատկացվել է պահուստային ֆոնդից։ «300 մլն դրամը, իհարկե, շատ ուրախալի է, բան չունեմ ասելու, բայց միշտ պետք է հասկանալ, որ դա մեկ գիտնականի հաշվով աննշան է, բառացիորեն զրո»,- եզրափակեց նա։

 

 

Հայ գիտնականների վիճակը ծայրահեղ է, բայց արդյունավետությամբ նրանք առաջինն են աշխարհում. Արթուր Իշխանյան