Ամերիկացի ուսանողները շոկային միջոց են ստեղծել Facebook-ից կախվածության դեմ (տեսանյութ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից երկու ուսանող արդյունավետ միջոց են ստեղծել մարդկանց Facebook սոցկայքից հեռացնելու համար։ Ռոբերտ Ռ. Մորիսը և Դեն Մաքդաֆը ստեղծել են մի սարք, որը հոսանքահարում է, եթե պարզապես մտնում եք սոցկայք կամ այնտեղ չափազանց շատ ժամանակ անցկացնում, գրում է newsru.com-ը։
Սարքը կոչվում է «Pavlov Poke» («Հարված Պավլովից»՝ ի պատիվ ռուս գիտնականի, որը ստեղծել է պայմանական ռեֆլեքսների տեսությունը)։
Սարքը տեղադրվում է դաստակի տակ, USB-ի միջոցով միանում է համակարգչին, որտեղ պետք է նախապես հատուկ հավելված տեղադրել, և հետևում է, թե որ կայքերն է այցելում օգտատերը։ Եթե նա պատրաստվում է աշխատել, իսկ դրա փոխարեն միացնում է Facebook-ը կամ այլ կայքեր, սարքը հոսանքահարում է։
Ստեղծողները նշում են, որ սարքի հարվածը տհաճ է, սակայն ոչ վտանգավոր։ Երիտասարդները դեռևս չեն նախատեսում գումար վաստակել սարքի միջոցով, որը ստեղծել են որպես փորձնական նմուշ։










