Հռոմեացիները նանոտեխնոլոգիան «հայտնագործել են» դեռևս 1600 տարի առաջ (լուսանկարներ)
Նանոտեխնոլոգիան համարվում է ժամանակակից աշխարհի նվաճումը, սակայն մասնագետները պնդում են, որ այն իրականում «հայտնագործվել է» դեռևս 1600 տարի առաջ՝ հռոմեացիների կողմից։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման տեսակետի համար հիմք է ծառայել հնագույն մի գավաթ, որը պատրաստված է երկերանգ ապակուց ու փոխում է իր գույնը՝ դառնալով կարմիր կամ կանաչ՝ կախված, թե լույսը որ կողմից է ընկնում։
Ուշագրավ նմուշը՝ Lycurgus Cup-ը, ներկայում ցուցադրվում է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում՝ The British Museum-ում։ Պարբերականը նշում է, որ գույները փոխող գավաթի առեղծվածը լուծվել է միայն 1990թ., երբ գավաթի կոտրված բեկորները մանրակրկիտ ուսումնասիրվել են մանրադիտակի տակ։
Արդյունքում մասնագետները պարզել են, որ հռոմեացիներն ապակու հետ խառնել են աղի հատիկից էլ փոքր արծաթի ու ոսկու մասնիկներ։ Ապակու մեջ թանկարժեք մետաղների նման ճշգրիտ քանակի առկայությունը թույլ է տալիս փորձագետներին ենթադրել, որ հռոմեացիները եղել են «նանոտեխնոլոգիայի ոլորտի պիոներները»։











