Որակյալ տեսախցիկ, արագ ինտերնետ, բայց անորակ բարձրախոս. օգտատերերի կարծիքը՝ Google Glass-ի մասին
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Google ընկերության ֆուտուրիստիկ ակնոցների՝ Google Glass-ի առաջին փորձնական խմբաքանակի օգտատերերի մի մասի կարծիքը նորույթի վերաբերյալ։
Իրենից կրելի համակարգիչ ներկայացնող ակնոցները փորձարկում են ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև սովորական ուսուցիչներ, բժիշկներ, վարսահարդարներ, դիջեյներ, ճարտարապետներ, մարմնամարզիկներ և անգամ կենդանաբանական այգու աշխատակիցներ՝ ընդհանուր 10.000 մարդ։
Սարքի վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու համար The Associated Press գործակալությունը զրուցել է նրանցից 3-ի հետ, ովքեր ակնոցն օգտագործում են այս գարնանից սկսած։
Հարցված 3 օգտատերերն էլ համակարծիք են եղել այն հարցում, որ Google Glass-ի տեսախցիկն իրոք շատ որակյալ է, որը միայն ձայնային հրահանգների միջոցով լուսանկարում ու տեսանկարահանում է։
Բացի այդ, նրանց դուր է եկել այն, որ ակնոցների միջոցով անչափ հեշտ է միանալ ինտերնետին. դրա համար պարզապես հարկավոր է սեղմել ակնոցի աջ անկյունում գտնվող կոճակը։
Իսկ ինչ վերաբերում է սարքի թերություններին, ապա դա մարտկոցի լիցքավորման պահման կարճ տևողությունն է, ինչն ակնհայտ է դառնում հատկապես մեծ քանակությամբ տեսանյութեր նկարահանելու դեպքում։ Օգտատերերի խոսքերով՝ սարքն ակտիվ օգտագործելու դեպքում իրենք ստիպված են միջինը 2 ժամը մեկ այն կրկին լիցքավորման դնել։
Բացի այդ, նրանք գոհ չեն Google Glass-ի բարձրախոսի որակից, քանի որ դրանով եկող ձայնն այնքան ցածր է, որ դժվար է լսել անգամ լուռ սենյակում։










