Ինչու՞ են մարդիկ գիրանում, երբ թողնում են ծխելը. հետազոտություն
Ավստրիական Der Standard թերթը հրապարակել է շվեյցարացի գիտնականների գիտական հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել, թե ծխելը թողնելուց հետո մարդիկ ինչու են գիրանում, հաղորդում է InoPressa-ն:
Հայտնի է, որ ծխելուց հրաժարվող մարդկանց 80%-ի մոտ միջինում քաշը ավելանում է 7%-ով: Քաշը ավելանում է նույնիսկ այն դեպքում, թե մարդիկ օգտագործում են նույնքան կամ ավելի քիչ կալորիաներ, քան ծխախոտային կախվածության ժամանակ: Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի մասնագետները պնդում են, որ դա կապված է աղիների մանրէների միջավայրի փոփոխության հետ:
Ավելի քան 10 շաբաթվա ընթացքում գիտնականները հետազոտել են 20 մարդու՝ 5 չծխող, 5 ծխող և 10 մարդու, ովքեր ծխելը թողել են փորձի սկսվելուց 1 շաբաթ հետո: Վերջիններիս մոտ նկատվել է այնպիսի մանրէների քանակի ավելացում, որոնք գերակայում են գեր մարդկանց աղիքային ֆլորայում:
Ծխելը հետազոտության ընթացքում թողած մարդկանց մոտ քաշը միջինում ավելացել է 2.2 կգ-ով, իսկ Proteobacteria և Bacteroidetes մանրէները իրենց տեղը զիջել են Firmicutes և Actinobacteria շտամմերին: Փորձարկվողների կերակրացանկը գրեթե չի փոխվել:










