ԱՄՆ-ում քնաբեր է ընդունում մոտ 9 միլիոն մարդ
Ըստ ամերիկյան Պրոֆիլակտիկայի և հիվանդությունների վերահսկողության կենտրոնի կատարած հետազոտության, մոտ 8.7 միլիոն մարդ պարբերաբար անքնության դեմ դեղ է օգտագործում: Մնացածը օգտագործում են «բնական» միջոցներ, կամ տառապում են անքնությամբ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ըստ հետազոտության տվյալների, 20 տարեկանից մեծ երիտասարդների 4%-ը դեղահաբեր են ընդունել, որպեսզի քնեն: Սակայն քնաբեր ավելի շատ օգտագործում են 50 տարեկանից մեծ մարդիկ՝ հիմնականում կանայք: Բացի այդ քնաբերներ օգտագործելու վրա ազդում է նաև կրթությունը՝ նրանք, ովքեր երկար են սովորել, ավելի շատ են դիմում դեղահաբերի օգնությանը:
Հետազոտության մեջ նշվում է, որ 2005-ից 2010 թվականը քնաբերի օգտագործումը զգալիորեն ավելացել է: 2006 թվականին քնաբեր էր օգտագործում ամերիկացիների 3.8%-ը, իսկ 2010 թվականին նման մարդիկ կազմում էին 4.3%:










