Ալպյան սառցադաշտերի հալոցքին նպաստել է արդյունաբերական մուրը. հետազոտություն

00:55 • 03.09.13

19-րդ դարի կեսերին եվրոպական «նորածին» արդյունաբերության արդյունքում առաջած մրի արտանետումները կարող էին հանգեցնել ալպիական սառցադաշտերի զանգվածային հալոցքին, որը սկսվել է տաքացումից մի քանի տասնամյակ առաջ, գրում են հետազոտության հեղինակները: Հետազոտությունը տեղ է գտել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, փոխանցում է Риа Новости-ն:


Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ 1860-1930 թվականների ընթացքում խոշոր սառցադաշտերը մեծանալու փոխարեն անսպասելիորեն «իջել են» 1 կիլոմետրով, մինչդեռ Եվրոպայում միջին ջերմաստիճանը շարունակում էր համեմատաբար ցածր մնալ:


NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները դա բացատրում են սև ածխածնի արտանետումներով: Սև ածխածինը մրի բաղադրիչներից մեկն է: Այդ նյութը մթնոլորտում բավականին կարճ է «ապրում», սակայն այն լուրջ ազդեցություն է թողնում կլիմայի վրա՝ աղտոտելով ձյունը և սառույցը՝ արագացնելով դրանց հալոցքը:


Արդյունաբերական հեղափոխությունը Եվրոպայում և ածխի զանգվածային այրումը կտրուկ մեծացրել է մրի արտանետումը մթնոլորտ: Այդ աղտոտման հետքերը հայտնաբերվել են սառույցի փորձանմուշներում, որոնք վերցվել են մի քանի ալպյան սառցադաշտերից: Այս կերպ գիտնականներին հաջողվել է բացատրել սառույցի հալման պատճառները նույնիսկ բավականին «ցուրտ» եղանակային պայմաններում:

 

Ալպյան սառցադաշտերի հալոցքին նպաստել է արդյունաբերական մուրը. հետազոտություն