Mail.ru Group-ը դուրս է եկել Facebook-ի կապիտալից
Mail.ru Group-ն այս ամռանը վաճառել է իր մոտ եղած Facebook սոցիալական ցանցի 14,2 մլն բաժնետոմսերը՝ դուրս գալով ընկերության կապիտալից, գրում է Forbes.ru-ն՝ հղում անելով Mail.ru-ի կայքում հինգշաբթի օրը տեղադրված հաղորդագրությանը:
«2013 թվականի հուլիս-օգոստոսին Mail.ru Group-ը վաճառել է Facebook-ի մնացյալ 14,2 մլն արժեթղթերը՝ ստանալով դրանց համար ավելի քան 525 մլն դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վաճառված արժեթղթերը կազմում են Facebook-ի կանոնադրական կապիտալի 0,6 տոկոսը, նշում է Bloomberg գործակալությունը:
Mail.ru Group-ը ձեռք էր բերել Facebook-ի 2,3 տոկոսը 2010 թվականին: Դա տեղի էր ունեցել Mail.ru-ի և Digital Sky Technologies հոլդինգի միավորումից հետո:
Ընկերությունը սկսել է արժեթղթերից ազատվել 2012 թվականից:










