Ջրի ստոկհոլմյան միջազգային մրցանակը կշնորհվի Զիմբաբվեից գիտնականի
2013թ. Ջրի ստոկհոլմյան միջազգային մրցանակը, որը շնորհվում է համաշխարհային ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և մարդկանց կյանքի պահպանման գործում ներդրումների համար, այսօր կշնորհվի Զիմբաբվեից գիտնական և գյուտարար Փիթեր Մորգանին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ջրի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին։
Ինստիտուտի մրցանակային կոմիտեի անդամները հաղթողի անունը հայտնել էին մայիսին։ Մորգանը ծնվել է 1943-ին, Մեծ Բրիտանիայում, այժմ նա Զիմբաբվեի քաղաքացի է և ապրում է այնտեղ։
Նա ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է։ Մորգանը զբաղեցնում է Aquamor հետազոտական ընկերության ղեկավարի պաշտոնը։
Պարգևատրման արարողությունը կկայանա Ստոկհոլմի քաղաքապետարանում, որտեղ յուրաքանչյուր տարի անցկացվում են երեկոներ՝ ի պատիվ Նոբելյան մրցանակի։










