Samsung Galaxy Gear-ի պոտենցիալ մրցակիցը. Qualcomm-ը ներկայացրել է Toq «սմարթվոչը»
Չիպերի ու պրոցեսորների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Qualcomm ընկերությունը, հետևելով Samsung-ին, ներկայացրել է սեփական «խելացի» ժամացույցը կամ «սմարթվոչը»՝ այն բնորոշելով որպես մարդու «6-րդ թվային զգայարան»։
The Telegraph-ը նշում է, որ ինչպես Samsung-ի Galaxy Gear-ը, այնպես էլ Toq «սմարթվոչն» օժտված է սմարթֆոնի հատկություններով, սակայն դրա մարտկոցն ավելի երկար է գործում։ Մեկ անցամ լիցքավորելով՝ այն կարելի է օգտագործել մի քանի օր շարունակ՝ ի տարբերություն հարավկորեական արտադրանքի, որի մարտկոցի լիցքավորումը բավականացնում է միայն 1 օր։
Օգտատերերը հնարավորություն կունենան դրանով զանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել, տարբեր ծանուցումներ ստանալ։ Նորույթը կգործի Android 4.0.3 օպերացիոն համակարգի հիման վրա։
«Toq-ը մշտապես միացված է համացանցին, ուստի այն կարելի է համարել «6-րդ թվային զգայարան», որը կհուշի ձեզ ձեր անելիքները։ Դրա համար հարկավոր է ընդամենը մեկ հայացք նետել «սմարթվոչին»»,-ասել է ընկերության ղեկավար Փոլ Ջեքոբսը։










