Nokia-ն կարտադրվի Newkia անվանումով
Nokia ընկերության նախկին թոփ մենեջեր Թոմաս Զիլիակուսը հայտնել է Newkia ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի հեռախոսների արտադրությամբ՝ Nokia-ի մշակումների և Android օպերացիոն համակարգի հիման վրա, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով CNews-ին։
Զիլիակուսի խոսքով՝ հայտնի է, որ Newkia-ն կօգտագործի Nokia-ի որոշ նախկին և ներկայիս ինժեներների և պրոֆեսիոնալների տեխնոլոգիական նորարարությունները, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Newkia-ն պատրաստվում լուծել Nokia-ի մտավոր սեփականությունն օգտագործելու հարցը։
Նախկին մենեջերի խոսքով՝ Newkia-ն արդեն շփվում է Nokia-ի ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին աշխատակիցների հետ, ընդ որում՝ ընկերությունում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք կցանկանային մասնակցել Android-ի հիման վրա աշխատող հեռախոսի մշակմանը։
Newkia նախագծի զարգացումը կկատարվի Սինգապուրում։ Միևնույն ժամանակ ընկերության մասնաճյուղերի մի մասը նախատեսվում է բացել Ֆինլանդիայում, որտեղ ապրում են գլխավոր մասնագետները։










