Կովկասյան հովազի պոպուլյացիան մեր երկրում պակասել է «լոպազության» և հայկական ու ադրբեջանական զորքերի պատճառով
Կովկասյան հովազի պոպուլյացիան Հայաստանում եղել է և կա, թեև վերջին տարիներին պակասել է երկու հիմնական պատճառով. որսագողերի «լոպազության» ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կանգնած զորքերի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը:
Ի պատասխան հարցի, թե որքան ժամանակ Հայաստանում չի նկատվել հովազ և հովազի պոպուլյացիա, Մամիկոն Ղասաբյանը պատասխանեց. «Հայաստանում հովազը միշտ եղել է, ուղղակի տարիներ առաջ շատ է եղել, հետո Խորհրդային Միության քանդվելուց հետո շատ է պակասել: Ասեմ, որ տարեկան մի 20 հատ նախկինում Հայաստանում երևում էր»:
Հիշեցնենք, որ օրերս հաղորդվեց, որ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի»՝ FPWC կողմից Խոսրովի անտառ պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով տեղադրված տեսախցիկի կողմից այս տարվա օգոստոսի 7-ին նկարահանվել է կովկասյան հովազ:
Գիտնականը նշեց, որ կովկասյան հովազը հիմնականում երևում է Սյունիքում, նաև Վայոց ձորում ու Խոսրովի անտառ արգելոցում:
«Օրինակ՝ Խոսրովում բնադրվող էր, ձագերին նկատել եմ, տեսել եմ, հետո հղի էգ եմ տեսել, որի կուրծքը այ սենց կախված է եղել (կերակրող է եղել): Այսինքն՝ հովազը Հայաստանում բնադրվում էր։ Ես որ ձմեռը Խոսրով մտնում էի, օրը մեջ ես հովազ էի տեսնում»,- ասաց գիտնականը, ում խոսքով՝ այնպես չէ, որ վերջին տարիներին էլ հովազ Հայաստանում չկա: Տարեկան մեկ-երկու անգամ Մամիկոն Ղասաբյանը հովազ անձամբ է հանդիպել:
Վերջինս, սակայն, նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո որսագողության ակտիվացման հետևանքով Կովկասյան հովազի պոպուլյացիան խիստ նվազեց: Երկու պատճառով, որ կրակում էին ինչպես հովազների, այնպես էլ հովազի բնական կերի վրա՝ Բեզոարյան այծի վրա: Եվ բնական կերի պակասելու հետևանքով պակասեց է հովազի քանակը:
«Եվ դրա հետ միասին հովազին էլ են կրակել էլի, հատուկ գնում էին հովազ կրակելու»,-նկատեց գիտնականը և ի պատասխան հարցի, թե կոմերցիո՞ն նպատակներով, ասաց. «Իմ կարծիքով կոմերցիոն չէ, ուղղակի լոպազության նպատակներով»:
Մամիկոն Ղասաբյանի տեղեկացմամբ՝ կովկասյան հովազի պոպուլյացիայի նվազեցման մեջ էական գործոն է եղել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայումը:
«Զորք ա կանգնած, Հայաստանի կողմից էլ ա կանգնած, Ադրբեջանի էլ՝ Նախիջևանի կողմից: Իսկ սա այն տարածքն է, որտեղից ինքը անընդհատ միգրացիա ա կատարում, գնում-գալիս ա»,- ասաց նա։
Գիտնականը չասաց, թե զորքերը կրակում են հովազի վրա, (նախ ասաց, որ եթե տեսնեն՝ կկրակեն ), բայց հովազը, լինելով գիշատիչ, շատ զգույշ կենդանի է և չի կարող միգրացիա կատարել այն վայրերում, ուր անընդհատ «մարդ ա երևում»:
Ի պատասխան հարցի, թե վագրի և առյուծի հետքեր Հայաստանում ե՞րբ են վերջին անգամ նկատվել, Մամիկոն Ղասաբյանը նշեց, որ վագրինը՝ նախանցյալ դարում՝ (Իրանին մոտ տարածքներում բնակության արեալը կամաց-կամաց սեղմելով՝ վերացել է) իսկ առյուծի մասին տեղեկություններն ու վկայություններն ավելի շատ պատմիչներից են և ավելի շատ վերաբերում են պատմական Հայաստանին տարածքին:
«Հիմա տեսե՛ք , մեկ-մեկ առյուծի ոսկորներ են գտնում նաև Հայաստանի ներկա տարածքում, թաղումներ են հայտնաբերվում: Բայց մենք չենք կարող ասել՝ բնության միջի՞ց են, թե պահած առյուծներ են»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը:










