Իսպանացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներ են աճեցրել կենդանի մկան օրգանիզմում
Իսպանիայի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կենդանի մկների օրգանիզմում սաղմնային ցողունային բջիջներ աճեցնել, տեղեկացնում է ABC.es-ը:
Կենդանի օրգանիզմում աճեցված բջիջները, որոնք ստացել են IPS անվանումը, իրենց գործառույթներով հավասարազոր են 72 ժամյա հղիության շրջանում գտնվող մարդկային սաղմնային բջիջներին, նշում են գիտնականները: Լաբորատոր պայմաններում աճեցրած ցողունային բջիջներն ընդունակ են ինքնուրույն զարգանալու և կազմավորվելու, ինչպես և սաղմնային բջիջները:
Այս հայտնագործությունը կարևոր գիտական նվաճում է, քանի որ այն կօգնի ընդլայնել արհեստական աճեցված ցողունային բջիջների կիրառությունը վերականգնողական բժշկության ոլորտում:










