Ասում են՝ բախտավորն առաջին տեղն է ընկնում, ուժեղը՝ երկրորդ. Հովհաննես Գաբուզյան
18-ամյա գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն արդեն չորրորդ անգամ լուրջ մրցաշարերից արծաթե մեդալ է բերում` 2011 թվականի Եվրոպայի Մ16, 2012 թվականի Եվրոպայի ու աշխարհի Մ18 եւ բոլորովին վերջերս՝ 2013 թվականի Եվրոպայի Մ18 առաջնություններից։ «Շախմատային Հայաստան» ՚հանդեսը զրուցել է երիտասարդ գրոսմայսերի հետ: Հարցազրույցը վարել է Ժաննա Պողոսյանը:
- Հովհաննե’ս, շնորհավորում եմ քեզ Եվրոպայի փոխչեմպիոն դառնալու առթիվ։ Ի՞նչ կպատմես մրցաշարից, ի՞նչ դժվարություններ եղան։
- Շնորհակալ եմ։ Մրցաշարը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում էր։ Մենք մի քանի օր շուտ էինք գնացել՝ այստեղ տասնօրյա հավաքներ անցկացնելու փոխարեն։ Դա օգնեց, որ կլիմային, ընդհանուր միջավայրին հարմարվենք։ Մինչեւ բուն առաջնության սկսվելը այնտեղ մրցումներ եղան. ես կայծակնայինում երրորդ տեղը գրավեցի, Հարությունյան Տիգրանը, Գրիգորյան Կարենը արագ շախմատում լավ արդյունք ունեցան։ Տեղը ծովային էր, խաղերից առաջ մի օր գնացինք ծովափ, որ առաջնության ընթացքում հանգստանալու ցանկությունը մեզ չշեղի։
Սեպտեմբերի 29-ին սկսվեց դասական մրցաշարը։ Առաջին չորս պարտիաները շահեցի եւ միշտ առաջատարների խմբում էի: Վերջին պարտիաս ռուսաստանցի Ֆեդոսեեւի հետ էր։ Ես 6.5 միավոր ունեի, նա` 7, մյուս առաջատարները` 6։ Միայն հաղթանակի դեպքում կկարողանայի ոսկի նվաճել։ Մրցակիցս առաջարկեց ոչ-ոքի, ես հրաժարվեցի, քանի որ առաջին եւ երկրորդ տեղերի տարբերությունը մեծ է, եւ ինչ էլ լիներ, խաղալու էի։ Պարտիան այնպես դասավորվեց, որ պարտված դիրք ստացա։ Ոչ-ոքիի համաձայնվեցինք, որովհետեւ նրա համար տարբերություն չկար` ոչ-ոքի, թե հաղթանակ. արդեն առաջինն էր։ Այդ պարտիայում ռիսկի շատ դիմեցի։ Պետք էր նահանջողական խաղալ, իսկ ես բոլոր կամուրջներն այրել էի։
Հայրենակիցներիս խաղերին հետեւում էի` հատկապես իմ տարիքայինում խաղացող Կարենի եւ Մ16-ում ելույթ ունեցող Տիգրանի։ Կարենը երրորդը կլիներ, եթե վերջին պարտիայում հաղթանակ տաներ. ի վերջո հինգերորդը դարձավ։
Կենցաղային խնդիրներից կարող եմ ասել, որ ուտելիքից բոլորը բողոքում էին։ Խաղերից առաջ իջնում էինք ծովափ` պիցցա կամ սենդվիչ ուտելու։
- Ինչպե՞ս կմեկնաբանես անընդհատ երկրորդը լինելդ։
- Կարող եմ ասել, որ ոչ թե հոգնել եմ երկրորդ տեղից, այլ առաջինը լինել եմ ուզում։ Միշտ ոսկու եմ ձգտում ու չգիտեմ ՝ ինչը չի հերիքում, ինչն է պակաս։ Երեւի նյարդերից է։ Հատկապես լարված պարտիաների ժամանակ մտորումներս տասնապատկվում են. սկսում եմ մտածել՝ եթե հաղթեմ, սա կլինի, եթե պարտվեմ, հույսս կարող եմ կտրել։ Այդ պահերին դժվարությամբ է ստացվում շախմատի վրա կենտրոնանալ։
Անցյալ տարվա մրցաշարերից մեկի ավարտին մի խոսք լսեցի՝ բախտավորն առաջին տեղն է ընկնում, ուժեղը՝ երկրորդ։ Չեմ ուզում մեծամտորեն հնչի, բայց այդ պահին դա լրիվ իմ մասին էր։ Ես մրցակիցներիս հինգժամանոց շատ դժվար պարտիաներում էի հաղթում։ Իսկ հակառակորդիս մոտ մի անգամ մրցակիցը բացակա էր, մի անգամ շատ արագ հաղթանակ տարավ։ Դրանից լարվում էի՝ տեսնելով, որ ես դեռ խաղում եմ, իսկ նա երկու ժամում հաղթեց ու գնաց։ Բոլորն էլ ասում էին, որ ես տանջվելով էի խաղում, իսկ իր համար առաջնությունը շատ հանգիստ անցավ։
- Մոտակա ի՞նչ անելիքներ ունես։
- Դեկտեմբերի 17-ին սկսվում է աշխարհի առաջնությունը։ Մյուս տարի Մոսկվայում մրցաշար կա, կգնամ վարկանիշս բարձրացնելու նպատակով։ Բայց դե, ամենակարեւորը, իհարկե, աշխարհի առաջնությունն է։ Երկու ամիս դեռ կա, լայնամասշտաբ կպատրաստվեմ, արածս սխալներիս թերությունները կշտկեմ։
- Աշխարհի առաջնությունից սպասե՞նք ոսկու։
- Ես սպասում եմ։ Ակնկալիքներս առաջին տեղի են, իսկ զգացողություններս, չգիտեմ, թե ինչու, երկրորդի։ Երեւի արդեն սովորել եմ երկրորդ տեղին։ Համենայն դեպս, ամեն ինչ անելու եմ ոսկին նվաճելու համար։
- Հովհաննե՛ս, որտե՞ղ ես սովորում։
- Ուսումս շարունակում եմ ֆիզկուլտ իսնտիտուտի շախմատի բաժնում։ Գիտակցում եմ, որ մարդուն կրթությունն անհրաժեշտ է, բայց շախմատիստներիս դեպքում ամեն ինչ շախմատից է կախված։ Ինստիտուտում մեզ ընդառաջում են. եթե մրցումների ենք, թողում են գնանք։
- Ինչպե՞ս ես կազմակերպում հանգիստդ։
- Ֆիլմեր եմ դիտում, մարզվում եմ, ընկերներիս հետ եմ շփվում։ Ունեմ նաեւ տարօրինակություններ. սիրում եմ անձրեւի տակ քայլել, երբ փողոցում մարդ չի լինում...
- Զբաղվա՞ծ է արդյոք երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի սիրտը։
- Այո՛, ընկերուհի ունեմ, արդեն 11 ամիս է, ինչ միասին ենք։ Մարդկանց մի մասին սիրահարված լինելը խանգարում է, մյուսներին՝ օգնում։ Իմ դեպքում սկզբնական մի երկու ամիս է խանգարել. մտքով ուրիշ տեղում էի։ Բայց մտքերս սկսեցի օգտագործել այնպես, որ ինձ այսօր միմիայն օգուտ է տալիս։ Ինձ ներշնչումներ են պետք. ինքս ինձ ասում եմ՝ լավ խաղամ, լավ կլինի։ Եվ այդ «լավ կլինի»-ն շատ անգամ կապում եմ ընկերուհուս հետ։ Իհարկե, անձնականը եւ գործնականը շատ դեպքերում հակասում են իրար, բայց պետք է կարողանալ համատեղել։ Բախտս բերել է. ընկերուհիս լավ է վերաբերում շախմատային կարիերայիս։
- Կա՞ որեւէ շախմատիստ, ում ձգտում ես նմանվել։
- Երբ փոքր էի, առաջին տեղում դնում էի շախմատիստի անձը։ Այսօր էլ մարդ կա, որ տեսնում է՝ Կարլսենը առաջին համարն է, ուրեմն լավագույնն է։ Իսկ ես նայում եմ շախմատիստների խաղացած պարտիաներին։ Հավանում են Կրամնիկի եւ Արոնյանի պարտիաները։ Արոնյանի դեպքում ե՛ւ նրա հայ լինելն է ազդում, ե՛ւ շատ հետաքրքիր խաղերը։ Բայց որեւէ սահմանագիծ չեմ նշում ինձ համար, թե չէ կնշանակի՝ վրաս խաչ եմ քաշում։ Բոլորն էլ կուզեն Արոնյան կամ Կրամնիկ դառնալ, բայց ամեն մեկն իր ճանապարհն ունի, որին, եթե շատ ձգտի, կհասնի։
- Անցյալ տարի այս ժ֊ամանակ գրոսմայստեր դարձար։ Այժմ, երբ ետ ես նայում, ի՞նչ է քո մեջ փոխվել դրանից հետո։
- Մեր օրերում գրոսմայստերի կոչում շատերն են ստանում։ Հեշտ չէ գրոսմայստեր դառնալը, բայց կարծես ավանս լինի լավ խաղերի դիմաց։ Սկզբում քեզ, բնական է, լավ ես զգում, սակայն հետո հասկանում ես, որ դա շախմատում ոչինչ է, չպիտի քո մասին մտածես, որ ուժեղագույնն ես։ Ես Ռուսաստանում իմ տարիքի մոտ տասը գրոսմայստեր գիտեմ։ Այս տարիքում, եթե վարկանիշդ 2700-ից բարձր է, այ` դա է հպարտության առիթ, ոչ թե գրոսմայստեր դառնալը։ Այս տարի մի պահ սկսեցի համարել, որ անցյալ տարի ավելի լավ էի խաղում, բայց հետո գիտակցեցի, որ այդպես է թվում, քանի որ այն ժամանակ խաղից ավելի քիչ բան էի հասկանում։ Հիմա բոլոր թերություններս զգում եմ։
Լուսանկարը՝ «Շախմատային Հայաստան»-ի










