Լավ է, որ չստացվեց Մինսկի խմբի և մյուսների օգնությունը՝ տղաների աճյունը վերադարձնելու հարցում. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
Հույս ունեի, որ ուղղաթիռի անձնակազմից գոնե մեկը փրկված կլիներ, բայց…: Սա ևս մեկ անգամ ապացուցեց մեր բանակի մարտունակությունը, պատրաստակամությունը և հզորությունը. այս մասին ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Tert.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ 24 ուղղաթիռի անձնակազմին դեպքի վայրից դուրս հանելու, ինչպես նաև այդ դեպքին միջազգային հանրության արձագանքի մասին։
Արշակ Զաքարյանը հավելեց, որ ինչպես միշտ, միջազգային հանրության արձագանքը եղել է և մնում է անարդար. «Դրա համար շատ լավ է, որ չստացվեց Մինսկի խմբի և մյուսների օգնությունը՝ տղաների աճյունը վերադարձնելու հարցում: Փոխանակ ասեն, որ Ադրբեջա՛ն, սխալ ես արել, ամո՛թ քեզ, այլ բաներ են անում: Համոզված եմ, որ եթե հայերն արած լինեին, հաստատ այդպես չէր լինի, հաստատ հայերին ինչ-որ ձև կասեին, որ դուք սխալ եք, նոր Ադրբեջանին կասեին, թե զերծ մնացեք գործողություններից: Այնպես, որ ճիշտ է, որ ուշադրություն չդարձնենք, թե միջազգային այս ու այն կազմակերպություններն ինչ կասեն, և մենք մեր գործն անենք: Տղերքը դա արեցին, փա՛ռք իրենց»։










