«Քայլող օրացույց». 8-ամյա տղան կարող է հաշվել, թե շաբաթվա որ օրն է ցանկացած ամսաթիվ` մինչև 2068 թվականը
Հնդիկ Արյան Փարաբը առաջին հայացքից` նման է իր հասակակից տղաներին, սիրում է դպրոց հաճախել և ֆուտբոլ խաղալ, սակայն 8-ամյա տղան իրական մաթեմատիկական հանճար է և օժտված է գերմարդկային հաշվողական ունակություններով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central–ը` երեխան կարող է վայրկյանների ընթացքում հաշվել, թե շաբաթվա որ օրն է այս կամ այն ամսաթիվը՝ մինչև 2068 թվականը, ավելի արագ, քան նրա ընկերները կհասցնեն բացել հեռախոսի օրացույցը:
Մումբայ քաղաքում բնակվող Արյանի ծնողները ինժեներ-ծրագրավորողներ են: Իր այս ունակությունը տղան հայտնաբերել է այս տարի, երբ իր ընկերների ծննդյան ամսաթվերը գրանցելիս բացահայտել է, որ կարող է ճիշտ գուշակել, թե շաբաթվա որ օրն են դրանք լինելու ապագա տարիներին: Այժմ իր յուրօրինակ տաղանդը տղան օգտագործում է միայն շրջապատին զվարճացնելու համար:
Արյանի ուսուցիչները նշել են, որ նա շատ լավ է գլուխ հանում թվաբանությունից: Տղան ողջ տարվա օրացույցը կազմում է 20-25 րոպեում՝ առանց որևէ տեղեկության կամ աղբյուրի:
Տղան նկատել է նաև, որ օրացույցը կրկնվում է 11 տարին մեկ, այսինքն, ըստ նրա, յուրաքանչյուրի ծննդյան տարեդարձը նույն օրը կընկնի, ինչ 11 տարի առաջ: Տղան շատ լավ հիշողություն ունի. նա հիշում է բոլորի ծննդյան օրը, ում երբևէ հանդիպել է:










