Մոնթեն այսօր կդառնար 57 տարեկան. մարդ, ում կենսագրությունը «կհերիքեր» մի քանի հերոսի
Այսօր լրանում է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 57 ամյակը: Նրա ղեկավարության օրոք՝ 1993 թվականին ազատագրվեց Քարվաճառը, իսկ Մարտունու շրջանը դարձավ պատերազմի տարիներին ամենապաշտպանված շրջանը:
Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, մենք կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին, Կալիֆորնիայում, մահացել՝ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամում:
37 տարեկան հասակում զոհված լեգենդար հրամանատարի կենսագրությունը այնպիսին է, որ «կհերիքեր» մի քանի հասուն և հերոսական ուղի անցած մարդու: Ինչպես նշված է Հայկական ազատ հանրագիտարանում նրա մասին կենսագրական տեղեկույթում՝ իր հայ լինելու մասին Մոնթեն իմացել է 12 տարեկանում:
20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով՝ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի դիպլոմներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն»-ը:
Ընդունվելով Օքսֆորդի համալսարան, նա գնում է ոչ թե Մեծ Բրիտանիա, այլ՝ Արևմտյան Հայաստան՝ ուսումնասիրելու և չափագրելու Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։
1973թ. նա արդեն սովորելու համար մեկնում է Ճապոնիա, ապա՝ Հարավային Կորեա, ուր աշակերտում է բուդդայական վանականի։ Հաջորդ կանգառը Վիետնամն էր, ուր մոլեգնում էր պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
1978 թվականի աշնանը Մոնթեն մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։
1989թ.-ին բանտից ազատվում է և 1991թ. կեղծ անձնագրով գալիս է Հայաստան և հիմնադրում «Հայրենասիրական» ջոկատը: Երևանում 7 ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այստեղ նա ձեռք է բերում Ավո կեղծանունը և 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։

1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։
Իր՝ համացանցում առկա հատուկենտ հարցազրույցներից մեկում, ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ թողեց ԱՄՆ-ը ու Արցախում պատերազմի գնաց,Մոնթեն ասում է եկել է, որովհետև երկար ժամանակ մասնակից է եղել իր կորսված իրավունքների ու հայրենիքի համար հայ մարդկանց պայքարին:
Մոնթեի հետ, ինչպես Լիբանանում, այնպես էլ Արցախում ճանապարհ անցած՝ «ԱՍԱԼԱՅԻ» ազատամարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե ինչպես կգնահատեր Մոնթեի ռազմական տաղանդը՝ որպես ստրատեգ, նշեց. «Ինքը ռազմական մեծ փորձառություն ձեռք բերեց Լիբանանում՝ մասնակցելով ինքնապաշտպանական պայքարին: Եվ իր ռազմական գիտելիքները հենց այդտեղից էին»:
Մոնթեն հայտնի էր նաև իր խստապահանջությամբ. Մարտիրոս Ժամկոչյանը նրան բնութագրում է որպես «խիստ և արդարացի» և նշում, որ նրա խստապահանջության մասին անգամ անեկդոտներ կան:

Մարտիրոս Ժամկոչյանը պատմեց նաև, որ Մոնթեն միշտ հանդիմանել էր արցախցիներից՝ ալկոհոլ օգտագործելու համար։ Ասում էր՝ մի խմե՛ք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել»։ Ասում էր. «Կներեք, ձեր պապերը վատ չեն եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, խելացի կենդանի է,թող վիրավորական չըլլա»։
razminfor.am-ի տեղեկացմամբ՝ Ավոն սիրում էր օգտագործել այդ բառը, և երկրապահներից մեկ պատմել էր մի պատմություն։
-Դու ո՞վ ես։
-Ես հրամանատարն եմ։
-Դուն էշ ես։
-Դու ո՞վ ես։
-Ես հրաձիգն եմ։
-Դուն էլ ես Էշ։
-Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
-Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։
Մոնթեն որպես ամուսին և սիրող տղամարդ
Զգայուն, բնապաշտ, ռոմանտիկ. սրանք Մոնթեի այրու՝ Սեդա Մելքոնյանի բնութագրումներն են: Համացանցում իր հարցազրույցներից մեկում Սեդան պատմում է, որ թե՛ կռվի դաշտում, թե՛ բանտում Մոնթեն երբեք չէր մոռանում շնորհավորել իր տարեդարձը:
«Առավոտյան արթնանում էինք, մեկ էլ Մոնթեն սկսում էր՝ «այսօր հունիսի 8 է, այսօր այս, այս դեպքերն են տեղի ունեցել: Անգիր հիշում էր, գերմարդկային հիշողություն ուներ»,-վերհիշում է Սեդա Մելքոնյանը:
Մոնթեի ծննդյան տոնը այսօր ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, որոնք ծնվել են անգամ նրա մահվանից հետո, շնորհավորել էին. «Ծնունդ շնորհավո՛ր, Մոնթե»:











