Ուղղաթիռի դեպքի հետ կապված բազմաթիվ հարցերի կտրվի պատասխան ծառայողական քննությունից հետո. ԼՂՀ պաշտպանության նախարար
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ուղղաթիռը մոտ թռչել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին, կամ ո՞վ էր տվել այդ հրամանը, նշեց, որ դեպքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվի ծառայողական քննությունից հետո:
Ինչ վերաբերում է դեպքի ազդեցությանը բանակում տիրող հոգեբանական վիճակի վրա, ապա նախարարն ասաց. «Միջադեպերը, իհարկե, ազդեցություն ունենում են, բայց դա չի նշանակում, որ բանակը կարող է հոգեպես անկում ապրել: Այդպիսի բաները խորթ չեն բանակի համար, իսկ բանակը ստեղված է պատերազմի համար, սա պատերազմի մի դրվագ էր»:
Հարցին, թե ինչպես է գնահատում միջադեպից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ միջազգային այլ կառույցների գործելակերպը, պատասխանեց. «Չեմ կարող գնահատական տալ, քանի որ դրանք ոչ ինձ ենթակա են, ոչ էլ պարտավոր»:










