Կողմերին կոչ ենք անում կենտրոնանալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վրա. Ուորլիք

16:03 • 25.11.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է, որ «կարդացել է հաղորդագրություններն այն մասին, որ հատուկ գործողություն է տեղի ունեցել ղարաբաղյան օդուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին դուրս բերելու համար»: 

 

«Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն էր, որի կրկնությունից ապագայում պետք է խուսափենք: Մենք կողմերին կոչ ենք անում զսպված  լինել և ուշադրությունը կենտրոնացնել խաղաղ և վերջնական կարգավորման վրա: Լարվածության աճն ու հակամարտության սրումը հարված են հասցնում խաղաղ բանակցություններին և դժվարացնում են մարդասիրական խնդիրների լուծումը, որոնք առաջացել են հակամարտության հետևանքով»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Նոյեմբերի 22-ին հաղորդվել է, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության և մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

 

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում կայացել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմի հուղարկավորության արարողությունը։