Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ և քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր:
Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Իր խոսքում ԼՂՀ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը և փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ:
Այս փոխգործակցությունը ԼՂՀ Նախագահը որակել է նաև որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:










