ԵԱՀԿ-ի ոչ հասցեական կոչերը խրախուսում են Ադրբեջանի նման պահվածքը. Վաղարշակ Հարությունյան
Ռազմական գործիչ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նման պահվածքի համար իրենց մեղքի բաժինն ունեն Մինսկի խումբն ու միջազգային կազմակերպությունները, որոնք հասցեական չեն իրենց կոչերում։ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանն ուզում է առանց զիջումների հասնել ԼՂՀ հարցի լուծման՝ հույսը դնելով իր նավթադոլարների վրա։ «Բայց այսօր ռազմաքաղաքական բալանսը հօգուտ իրենց չէ, և իրենք դա շատ լավ գիտեն, դրա համար խոսել այսօր լայնածավալ պատերազմի մասին, համարում եմ շատ քիչ հավանական»,-ասաց նա։
-Պարո՛ն Հարությունյան, Ադրբեջանը հստակ իր վերաբերմունքով փաստացի արհամարհեց Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես՝ Կասպշիկին թույլ չտալով ուղղաթիռի անկման վայր այցելել։ Ինչո՞վ կբացատրեք Ադրբեջանի նման պահվածքը, և արդյո՞ք դա հենց նույն Մինսկի խմբի մեղքը չէ, քանի որ Ադրբեջանի պարբերական սադրանքներից հետո իրենց հայտարարություններում համանախագահները զսպվածության կոչեր են հղում կողմերին և ոչ թե հասցեական։
-Այն փաստը, որ Ադրբեջանը որևէ ձևով չարձագանքեց միջազգային կառույցների կոչին, ավելին, որ Կասպշիկին թույլ չեն տվել անցնել դեպի խոցված ինքնաթիռը, ցույց է տալիս, որ Ադրբեջանն ընդհանրապես հակամարտության հարցով ցանկություն չունի կառուցողական համագործակցության։ Նման վերաբերմունքի համար, իհարկե, Մինսկի խմբի մեղավորությունը կա, քանի որ Մինսկի խումբը հետևողական չէ, և եթե կողմերը չեն կատարում պայմանավորվածությունները, կոչն ուղղում են ոչ հասցեական։ Դեռ այն ժամանակ, երբ ստորագրվեց 1994թ. զինադադարի պայմանագիրը, արդեն 95-ին, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից ստորագրվեց փաստաթուղթ, որի համաձայն՝ պետք է դիպուկահարներին առաջին գծից հանել, ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել, թե ով է խախտել զինադադարի պայմանագիրը, և այդպիսի մի քանի այլ փաստաթղթեր, որոնք Ադրբեջանն ակնհայտ անտեսում է, ի տարբերություն հայկական կողմի։ Իսկ միջազգային կազմակերպությունները և նույն ԵԱՀԿ-ն, չեն արձագանքում նման դեպքերին՝ դրանով խրախուսելով Ադրբեջանի նման պահվածքը։ Իհարկե, դժվար է սկզբնական փուլում բացահայտել, թե ով է խախտում կատարել, բայց նույն ուղղաթիռի խոցման պարագայում ակնհայտ է, միջազգային կազմակերպություններն էլ են փաստում, որ ուղղաթիռը կատարել է ուսումնավարժական թռիչք և խոցվել է Ղարաբաղի տարածքում։ Այս դեպքում կարծես թե հստակություն կա, բայց արձագանքն այն չէ, ինչ պահանջում է նման իրավիճակում։
-Կարծում եք, որ Ադրբեջանը կարող էր նման սադրիչ քայլի դիմել առանց երաշխիքներ ունենալո՞ւ։
- Իհարկե կարող է, և ինչպես ասացինք՝ միջազգային ոչ համարժեք արձագանքն էլ թույլ է տալիս Ադրբեջանին ժամանակ առ ժամանակ նման քայլերի դիմել։
-Ակնհայտ է, որ Ադրբեջանը դժգոհ է խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ձևաչափից և քայլերն ուղղված են ձևաչափը տապալելուն։ Ինչի՞ կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի նման քայլերը, արդյոք կա՞ն նախադրյալներ, նրանց նպատակների իրագործման համար։
- Չեմ կարծում, թե նրանց կհաջողվի ձևաչափ փոխել. ջանքերը անիմաստ են։ Պարզ է, թե ինչու է Ադրբեջանն ուզում ձևաչափը փոխել, որովհետև հասկանում է, որ չկա այն արագ լուծման տարբերակը, որն Ադրբեջանն է ուզում, առանց զիջումների հասնել հարցի լուծման։ Ադրբեջանը նման կոշտ կեցվածք է ընդունել, թե Ղարաբաղն իմն է և վերջ՝ հույսը դնելով իր նավթադոլարների վրա, ինչն իհարկե սխալ հաշվարկների հետևանք է։
-Պարո՛ն Հարությունյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքը Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետ կապված, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ի։ Չե՞ք կարծում, որ եթե սկզբնական փուլում արձագանքը համարժեք էր, հետագայում նույն կոչերի հարցով ավելի զուսպ էին։
-Ընդհանրապես դեպքի հետ կապված հայտարարություններն ավելի հստակ էին՝ ԵԱՀԿ-ից սկսած, ավարտած ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ-ի դեպքում ավելի հստակ էր, որտեղ պարզ նշվում էր, որ ադրբեջանական զինուժն է խփել ուղղաթիռը ղարաբաղյան տարածքում։ Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի այլ գործողություններին, ապա ես դրա մասին բազմիցս ասել եմ, որ ՀԱՊԿ-ն ըստ պայմանագրի 4-րդ կետի՝ սկսում է գործել ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի դեպքում, իսկ ագրեսիան այն է, երբ քո տարածքները գրավելու փորձեր է կատարվում. մենք նման դեպքեր չունենք։ Այն մարդիկ, որոնք ասում են, որ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի, սխալվում են. սա միջադեպ է և ոչ թե ագրեսիայի ակտ, սա պետք է ընդունել որպես զինադադարի կոպիտ խախտում. ՀԱՊԿ-ի քաղաքական հայտարարությունը դրական եմ համարում և՛ բովանդակային, և՛ ժամանակագրական առումով։
-Պարո՛ն Հարությունյան, այսքանից հետո ի՞նչ կետից պետք է սկսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ գործընթացը, այն դեպքում, երբ ուղղաթիռի խոցումը եղավ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ Նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի Նախագահի հետ եռակողմ հանդիպումներից մի քանի ամիս հետո։
-Այս շատ ցավալի, ողբերգական միջադեպը չեմ կապում այդ հանդիպման հետ, որովհետև բնական է՝ Մինսկի խումբը տարբերակներ է առաջարկում, որին կհամաձայնեն կողմերը։ Շուրջ 20 տարի է՝ բանակցությունները գնում են, և վերջին առաջարկը եղել է Մադրիդյան սկզբունքները, ու նոր առաջարկ չի եղել։ Բայց գործընթացը շարունակվելու է, և Մինսկի խումբն, իհարկե, տարբերակ է փորձելու գտնել, որի դեպքում զիջումների պատրաստ կլինեն կողմերը։ Մինչդեռ այս պահին տարբերակ չկա, քանի որ Ադրբեջանը որևէ զիջման չի գնում։ ՀՀ-ն ու Ղարաբաղը պատրաստ են նստել ու մաքսիմալ հնարավորություններով քննարկել զիջման տարբերակները, մինչդեռ Ադրբեջանը չի համաձայնում ու նույնիսկ չի էլ փորձում քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փոխարենն ասում է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ եթե դա իրենց դիրքորոշումն է, այն դեպքում, երբ Ղարաբաղը եղել է ինքնավար մարզ և այժմ անկախ է, եթե սա չի ընդունում, որևէ փոխզիջման և բանակցային գործընթաց շարունակելը դժվար է, քանի որ հարցը փակուղի է գնում։
-Իսկ այստեղից էլ կարելի՞ է ենթադրել, որ պատերազմական լայնածավալ գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունն ուղղակի ժամանակի հարց է։
-Ոչ, չենք կարող նման ենթադրություն անել, Ադրբեջանը կարող էր ռազմական գործողություններ սկսել, եթե մի քիչ համոզված լիներ, որ ինքը հաջողության կհասնի, բայց քանի որ նա հասկանում է, և այս բոլոր գործողությունները՝ օգոստոսյան, նույն հետախույզների գործողությունները, որ հենց իրենց խրամատների մոտից վերադարձրինք օդաչուներին, ցույց են տալիս, որ իրենց բանակը մարտունակ չէ և ռազմաքաղաքական բալանսը հօգուտ իրենց չէ, և իրենք դա շատ լավ գիտակցում են։ Դրա համար խոսել այսօր լայնածավալ պատերազմի հավանականության մասին, համարում եմ սխալ և շատ քիչ հավանական։










