Հայաստանը ո´չ թե անդամակցում է, այլ` բերման է ենթարկվում ԵՏՄ. Ռուբեն Մեհրաբյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, որ խմբակցությունում ոչ ոք դեմ չի արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագրին, ասաց.«Դե՝ այստեղ զարմանալի ոչինչ չկա. եթե իրենք վերադասից որոշում ունենան, որ պետք է անդամակցենք «Իսլամական պետությանը», էլի ոչ մի առարկություն չի լինի»:
-Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո գազի սակագինը Հայաստանի համար չի նվազի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ֆինանսների փոխնախարարը, ում հավելմամբ ՝ ԵՏՄ-ին անդամակցությունը պարզապես թույլ կտա, որպեսզի գազի սակագինը չբարձրանա՝ շնորհիվ նրա, որ անդամակցության պատճառով Հայաստան ներկրվող գազի սակագնից կհանվի արտահանման մաքսատուրքը: Հիշում եմ, որ քանի դեռ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման բանակցություններ էր վարում, ռուսական կողմնորոշում ունեցող վերլուծաբանները ընդհուպ մինչև հայտարում էին, որ Հայաստանում Ռուսաստանի մակարդակի բարձր թոշակներ ու նպաստներ կլինենին: Եվ հիմա ԵՏՄ շրջանակներում այս պրագմատիզմը ինչպե՞ս եք գնահատում:
-Այստեղ հենց այն դեպքն է, երբ ասվում է՝« ճշտեք սահմանումները, և կվերանան վեճերը 95 տոկոսով»: Սա ես չեմ ասում, սա Դեկարտն է ասել՝ մոտ 300 տարի առաջ: Մենք տեսնում ենք, որ խոսելով անդամակցության մասին՝ իրականում խոսքը ո´չ թե անդամակցության, այլ բերման ենթարկելու և թրաֆիքինգի մասին է: Այսինքն՝ մեր հարգարժան փոխնախարարն ինքն է ասում, որ այստեղ մենք մեծ հաշվով՝ ո´չ թե օգուտ ունենք, այլ՝ ուղղակի Ռուսաստանը մեզ կարող է մաքսատուրքը հանած գազ տալ, և շնորհիվ մեր հպատակման՝ մենք այդ վնասից կարողանում ենք խուսափել: Եվ՝ ո´չ ավելին:
Էլի եմ ասում՝ մենք այստեղ գործ ունենք թրաֆիքինգի, այլ ո´չ թե անդամակցության հետ, մենք ո´չ թե դառնում ենք այդ Եվրասիական միության անդամ, այլ դառնում ենք Եվրասիական միության գերի և պատանդ: Մոտավորապես այն ձևով, ինչպես Ռուսաստանն է գործում, գործում է «Իսլամական պետությունը»: Մի քիչ մոդիֆիկացված, բայց, այնուամենայնիվ, էությունը նույնն է: Հիմա տեսեք՝ ժամանակի խելոք մարդիկ ասել են, որ եթե մարդիկ համաձայնում են փոխանակել իրենց ազատությունն անվտանգության հետ, ապա կորցնում են թե՛ մեկը, թե՛ մյուսը: Դա, եթե չեմ սխալվում, Ջեֆերսոնն է ասել: Եվ Հայաստանն ուղղակի այդ ճշմարտության ամենավառ ապացույցն է: Մեր անվտանգությունը, փաստորեն, ոչնչով չավելացավ, և մենք զրկվում ենք մեր ազատությունից:
-Այսօր «Հանրապետական» խմբակցության ներսում ևս մեկ անգամ քննարկվել է պայմանագիրը, և ինչպես հայտնեց խմբակցության ղեկավարը՝ խմբակցությունում ոչ ոք դեմ չէ պայմանագրին, միայն ոմանք պարզաբանումներ են ստացել և հիմա բավարարված են:
-Դե՝ այստեղ զարմանալի ոչինչ չկա, եթե իրենք վերադասից որոշում ունենան, որ պետք է անդամակցենք «Իսլամական պետությանը», էլի ոչ մի առարկություն չի լինի:Այստեղ մենք գործ ունենք ուղղակի «ադաբրյամսի», ո´չ թե փաստարկված բանավեճի ու դիրքորոշումների հետ, որովհետև եթե այդ ահռելի խմբակցությունում ոչ մի դեմ չկա, դա արդեն աննորմալ է: Այդպես չի լինում: Սա ուղղակի խայտառակություն է, որով պետք է շատ լուրջ զբաղվել:










