Կառավարությունը հաստատեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնագիրը

11:48 • 27.11.14

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2014թ. օգոստոսի 6-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը` 40 մլն ԱՄՆ դոլար գումարով: Ինչպես նիստին նշեց Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, վարկը վերցնում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ պայմաններով:


«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից»,- ասաց նա:


Երվանդ Զախարյանը նշեց նաև, որ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2014-ին, իսկ ավարտը` 2018թ. դեկտեմբերի 31-ին: Ծրագրի նպատակն է էլեկտրահաղորդման համակարգի հիմնական նյութական բազայի վերակառուցման կամ փոխարինման միջոցով ավելացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունն ու հզորությունը: