Մերկելը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ ավանդական քաղաքականությունից. The Guardian
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ ցույց են տալիս, որ Գերմանիան հրաժարվում է իր «արևելյան քաղաքականությունից», նկատում է The Guardian-ը: Դա նշանակում է, որ էական փոփոխություններ կլինեն ամբողջ եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ:
Նախօրեին իր կոմպրոմիսային, մեղմ քաղաքականությամբ աչքի ընկնող Մերկելը Սիդնեյում հայտարարել էր մասնավորապես, որ Ղրիմի բռնակցումը ոչ մի արդարացում չունի և որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն անխուսափելի են:
Գերմանիան մի քանի տասնամյակ է՝ հետևում է «արևելյան քաղաքականության» իր կուրսին, և դրա փոփոխությունը կարող է մեծագույն ազդեցություն ունենալ Եվրոպայի արտաքին քաղաքականության վրա: Դա իր հերթին կհանգեցնի ոչ միայն ռուս-գերմանական, այլև գերմանա-ամերիկյան հարաբերությունների փոփոխությանը: Այդ փոփոխությունից ուրախ կլինեն Լեհաստանը, մերձբալթյան երկրները, Վրաստանը:
Սակայն աղբյուրը ենթադրում է, որ կուրսի փոփոխությունն այնքան էլ հեշտ չի լինի՝ տնտեսական պատճառներով. Ռուսաստանը Գերմանիայի թիվ մեկ գործընկերն է Եվրոպայում: Դրանից բացի, Ռուսաստանի հանդեպ քաղաքականության փոփոխությունից ուրախացողներից բացի կլինեն նաև դրան դեմ երկրներ՝ ի դեմս Իտալիայի, Հունգարիայի, Չեխիայի:










