Բարեգործական ՀԿ-ների շահառու երեխաները քաղցրավենիքով զարդարեցին Արմենիա Մարիոթի տոնածառը (լուսանկարներ)
«Օրրան», «Հայաստանի մանուկների հիմնադրամ» և «Սոս մանկական գյուղեր» հասարակական կազմակերպությունների հետ միասին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ ամանորյա տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար:
Մոտ 50 երեխաներ քաղցրավենիքներով պատրաստեցին տոնածառի խաղալիքներ և զարդարեցին տոնածառը: Երեխաներին հյուրանոցի կողմից մատուցվեց նաև հատուկ ուտեստներ:
«Մեր նպատակն է երեխաներին բերել այստեղ: Մեր շահառու գյուղերի երեխաներն են, որոնք հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Նրանց համար սա առանձնահատուկ, շատ հետաքրքիր և ուրախալի միջոցառում է: Մենք շատ ուրախ ենք, որ մեր գյուղերի այն շահառու երեխաները, որոնք ունենում են սոցիալական խնդիրներ, կարողանում են նման միջոցառման մասնակցել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մանուկների հիմնադրամի» գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Հյուրանոցն արդեն 5-րդ տարին է իրականացնում է նման միջոցառում: «Մենք շատ ուրախ ենք, որ արդեն 5-րդ տարին է երեխաներին հյուրընկալում ենք այստեղ: Երեխաների գալուստով փոխվում է ամբողջ հյուրանոցի միջավայրը: Այս համատեղ նախաձեռնությունը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու օգնության ևս մեկ քայլ է»,-մեզ հետ զրույցում ասաց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գործարքների և մարքետինգի բաժնի տնօրեն Դեստինա Յոմելակին:
«Օրրանի» երեխաներից հիմնականում այս միջոցառմանը մասնակցում են առաջին դասարանի երեխաները: «Օրրանն ունի հարյուր երեխա, և մենք աշխատում ենք փոքր տարիքի երեխաներին բերել այստեղ: Նրանք այս միջոցառմանն անհամբեր են սպասում»,-ասաց «Օրրան» հիմնադրամի Հասարակայնության հետ կապի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը:
Նշենք, որ ամեն տարի այս միջոցառմանը մասնակցում են նաև հայտնի մարդկանց երեխաներ, ինչպես նաև լրագրողների երեխաներ:














