Քանի դեռ ներսում թույլ ես, միջազգային կառույցները քեզ հետ հաշվի չեն նստի. Դավիթ Սանասարյան
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերը խոցման վայրից դուրս բերելու պահանջով հացադուլ է արել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի դիմաց, գտնում է, որ դիերը ստանալու` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հատուկ գործողությունը ցույց տվեց, որ Հայաստանը պետք է իր հույսը միայն իր ուժերի վրա դնի:
«Պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա: Քանի դեռ ներսում թույլ ես, միջազգային կառույցները քեզ հետ հաշվի չեն նստի: Քանի դեռ ունենք Նախագահ, ով ժողովրդի վստահությունը չի վայելում, ունենալու ենք այսպիսի վիճակ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Արցախի բանակը կատարեց իր պարտականությունը. «Դրա համար մենք շնորհակալ ենք մեր տղաներին, որ իրենց խիզախ քայլն արեցին, բայց սրանով ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մեր դիվանագիտությունը կաղաց, միջազգային կառույցները կաղացին, և մնացինք մեր հույսին, ինչն էլ պետք է լիներ: Հայաստանը պետք է բացառապես ապավինի իր հույսին, իր զինուժին, և ոչ թե ԱՊՀ երկրներին ապահովող ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին կամ մյուսներին»:
Դավիթ Սանասարյանի համոզմաբ՝ պետք է աշխատի դիվանագիտությունը, բայց ներկա պահին Հայաստանը չունի դիվանագիտություն:
Դիտարկմանը, թե ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ հացադուլ անելով՝ փաստորեն հույս կար, որ այդ կառույցները կարող են ինչ-որ բան անել, սակայն այսօր այդ հույսը ևս մարել է, նա պատասխանեց. «Այդ կառույցներն ունեին մանդատ, որը լիարժեք չօգտագործեցին: Իմ մարտահրավերներն այդ կառույցներին ո´չ թե նրանց փչացնելուն էր ուղղված, այլ ես ուզում էի, որ այդ կառույցները գործեն: Բայց այդ կառույցները չգործեցին, թերի են գործել երկար տարիներ, դրա համար այսօր ունենք նախապատերազմական վիճակ: Այդ կառույցների ճակատագրով ավելի շատ պետք է մտահոգ լինեն այդ կառույցները ներկայացնող երկրների հանրությունները: Նրանք պետք է մտագոհված լինեն, թե իրենց կողմից ֆինանսավորվող կառույցները իրականում չեն գործում կամ գործում են ոչ հարկ եղածի չափով»:










