ՔԿՎ պետն ընդունել է ամերիկյան պատվիրակությանը

16:33 • 01.12.14

Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ:


Այս մասին հայտնում են ՔԿՎ մամուլի ծառայությունից։


Պատվիրակության կազմում են եղել Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիրդր Մորգանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ աշխատանքների ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, պաշտոնատար այլ անձիք:


Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը կարևորել է նմանատիպ ձևաչափերով հանդիպումները: Վարչության պետը հյուրերին է ներկայացրել համակարգում իրականացվող օրենսդրական բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս 1 հայտնել, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում:


Էդվարդ Ուոլն իր խոսքում նշել է, որ տպավորված է ՀՀ ԱՆ նորաբաց «Արմավիր» հիմնարկ կատարած այցից՝ հավելելով, որ հասցրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ նաև դատապարտյալների պահման պայմաններին: Էդվարդ Ուոլը ասել է, որ ի տարբերություն ԱՄՆ ուղղիչ հիմնարկների` «Սևան» քրեակատարողական հիմնարկում մթնոլորտը բավական հանգիստ է:


Դեիրդր Մորգանը քրեակատարողական վարչության պետին նախ հակիրճ ներկայացրել է ԱՄՆ-ում գործող ուղղիչ հիմնարկների բազմագործառութային կառավարման համակարգը և ԱՄՆ Վիսկոնսին նահանգի` 2000 դատապարտյալների համար նախատեսված նորակառույց «Օշքոշ» հիմնարկի կառուցման և կառավարման ուղեցույցը, ապա այն հանձնել քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` առավել մանրամասն ծանոթանալու նպատակով: