Չինաստանն ակտիվորեն գնում է էժանացած նավթը
Նախկին մակարդակի վրա նավթ արտահանելու քվոտայի պահպանման մասին «Նավթ արտահանող երկրների կազմակերպության»՝ ՕՊԵԿ-ի որոշման ֆոնին Չինաստանի կառավարությունն ակտիվորեն գնում է էժանացած նավթը, գրում է ТАСС-ը:
«Դա ոսկե ժամանակ է երկրի ռազմավարական պաշարները մեծացնելու համար»,- կարծում է Nomura Holdings Inc. ընկերության վերլուծաբան Գորդոն Կվանը: «Չինաստանը մեծ օգուտ է ստացել ՕՊԵԿ-ի որոշումից»,- համոզված է նա:
Ինչպես բացատրել է SCI International-ի փորձագետ Գաո Ցզյանը, «ցածր գները կնպաստեն նավթի ռազմավարական պաշարների ձևավորման ազգային ծրագրի զարգացմանը»: Ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Չինաստանը, համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ, մեծացրել է նավթի գնման ծավալները 8,3 տոկոսով՝ մինչև օրական 460 հազար բարել: Փորձագետի խոսքերով՝ այդ թիվը կարող է մեծանալ մինչև 700 հազար բարելի:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը, նոյեմբերին Չինաստանն ավարտել է 12,5 միլիոն տոնայի ծավալով նավթի ազգային ռազմավարական պաշարների առաջին մասի լրացումը: Սպասվում է, որ 2020 թվականին Չինաստանում ռազմավարական նավթային պաշարների չափը կաճի մինչև 40 միլիոն տոննա:










