Ադրբեջանում ոչ ոք չի զգա նավթի գների անկումը. Ալիև

13:53 • 17.12.14

Նավթի գների կտրուկ անկումը չի անդրադառնա Ադրբեջանի բնակիչների վրա: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրող ASAN նորարարական կենտրոնի կամավորների առաջին համապետական համաժողովի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

 

«Նավթի գներն այժմ կտրուկ ընկել են: Ադրբեջանում ինչ որ մեկը զգացե՞լ է դա: Ո՛չ, և չի էլ զգա, քանի որ մենք հզոր տնտեսական հիմքեր ունենք»,- ասել է Ալիևը։

 

Նա նաև ընդգծել է, որ ազգային արժույթի՝ մանաթի փոխարժեքը կայուն է մնում: «Մանաթի փոխարժեքը կայուն է: Դա, հնարավոր է, այնքան էլ դրական հանգամանք չէ մեր արտահանման պոտենցիալի համար: Բայց դա սոցիալական հարց է: Դա այդպես էլ պետք է լինի»,- ընդգծել է Ալիևը:

 

Ադրբեջանի նախագահը հատկապես նշել է, որ իր երկիրն իրականացնում է անկախ քաղաքականություն: «Ոչ մի օտար ուժ չի կարող ազդել մեր կամքի վրա: Մենք ոչինչ չենք անում և ոչինչ չենք անի ինչ որ մեկի թելադրանքով»,- հայտարարել է նա: