Երևանում բացվեց տարածաշրջանում միակ՝ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը
Այսօր AM իրավաբանական ընկերությունում տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսը նշեց, որ Հայաստանն այն երկրներից մեկն է եղել, որը վավերացրել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության ստեղծման պայմանագիրը:
«Այսօր մենք բացում ենք Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում, մասնաճյուղ, որը մեծ ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա` իր գործունեությամբ և ծավալով»,- ասաց նա և նշեց, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել և խորացնել այս համագործակցությունը:
Սպիրիդոն Ֆլոգայդիսը նաև նշեց, որ մասնաճյուղի միջոցով պատրաստ են զարգացնել գործունեության ուղղությունները: «Մենք բազմիցս հրավիրել ենք մասնակցող երկրներին նախաձեռնություններն իրենց ձեռքը վերցնել` տեղական և տարածաշրջանի մակարդակով` խթանելու մեր արժեքները, որովհետև մեր ուղերձն է` նպաստել հանրային իրավունքի զարգացմանը»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս մասնաճյուղը բարգավաճելու է: «Այն գտնվում է շատ լավ ձեռքերում, այն մարդկանց, ովքեր ունեն երկար տարիների փորձառություն, լավ պատկերացում, թե ինչ ենք մենք ցանկանում զարգացնել մասնակից երկրներում և աշխարհում»,- ասաց նա:
ՀԻԵԿ-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն, «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանն իր անկախացման առաջին իսկ տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգին ինտեգրվելու համար:
«Այսօր իսկ այդ ինտեգրացիոն գործընթացները բերել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի լիարժեք անդամներ: Պրոֆեսոր Ֆլոգայդիսի և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երկարատև աշխատանքի արդյունքում` այսօր մենք կարող ենք փաստել, որ Հայաստանում բացվում է տարածաշրջանի միակ մասնաճյուղը»,- ասաց նա և նշեց, որ սա հնարավորություն կընձեռի արդեն իսկ կայացած հայ իրավագետներին սկսել և շարունակել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ:
«Հայաստանյան մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա մեր երիտասարդ իրավաբաններին, հայաստանյան իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, ասպիրանտներին մասնակցել առաջատար համալսարաններում վերապատրաստման, եվրոպական և ոչ միայն եվրոպական համաշխարհային առաջատար գիտաժողովների, նաև հնարավորություն կընձեռնի մեր երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հոդվածները տպագրել բարձրագույն որակավորման կողմից հաստատված միջազգային հանդեսներում»,- ասաց նա:










