Bloomberg-ի վարկանիշում ընդգրկված ռուս միլիարդատերերը շաբաթվա սկզբից ի վեր 10 մլրդ դոլար են կորցրել

18:05 • 17.12.14

Քսան ամենահարուստ ռուս միլիարդատերերն ընթացիկ շաբաթվա սկզբից ի վեր՝ Ռուսաստանի ֆինանսական շուկայի համար ճգնաժամային շրջանում, մոտ 10 միլիարդ դոլար են կորցրել: Այդ մասին հայտնի է դառնում Bloomberg Billionaires Index-ի տվյալներից, որը գնահատում է խոշորագույն անձնական կարողությունների դինամիկան, գրում է ТАСС-ը:

 

2014 թվականի սկզբից Ռուսաստանի 20 ամենահարուստ ձեռնարկատերերի կորուստները հասել են 64 միլիարդ դոլարի, այժմ նրանք վերահսկում են 174 միլիարդ դոլարի ակտիվներ։

 

Bloomberg-ի հաշվարկով՝ «НОВАТЭК»-ի համասեփականատերեր Գենադի Տիմչենկոն և Լեոնիդ Միխելսոնը տարվա սկզբից կորցրել են, համապատասխանաբար, 7,8 միլիարդ դոլար և 8,7 միլիարդ դոլար:

 

USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովի կարողությունը նվազել է 6,8 միլիարդ դոլարով, նա Bloomberg-ի ռուս միլիարդատերերի վարկանիշում իր առաջին տեղը զիջել է «Ռենովա»-ի համասեփականատեր Վիկտոր Վեքսելբերգին, ով կորցրել է 1,2 միլիարդ դոլար: