ԱԺ-ն որոշեց փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստը անցկացնել փակ և առանց ընդմիջման

16:47 • 17.12.14

Փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստը 75 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշվեց անցկացնել փակ և առանց ընդմիջման:


Վարման կարգով ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով պահանջեց, որ նիստը բաց անցկացնեն, քանի որ, ըստ նրա, ստեղծվել է տագնապային իրավիճակ, և հանրությանը պետք է անկեղծ ներկայացնել ամեն ինչ:


Բացի այդ, նա կոչ արեց դադարեցնել «ԵՏՄ-ին բռնակցումը». «Որովհետև տեսնում եք, թե ինչպես է ՌԴ տնտեսությունն անկում ապրում և մեր շահերից է բխում, որ դադարեցենք անդամակցությունը, որպեսզի չմնանք փլատակների տակ»:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հաշվի առնելով այն, որ վիճակը վերաբերում է ողջ ժողովրդին, ազգային անվտանգությունը, ուստի ցանկացած տեղեկություն, եթե ոչ ճիշտ է  մեկնաբանվում, կարող է վնասել:


«Մենք դեմ չենք, որ դռնփակ անցնի նիստը, արձանագրելով, որ դռնփակը չի նշանակում  գաղտնի»,-նշեց նա:


Նիկոլ Փաշինյանը նույնպես դեմ էր։ «Ես էլ համաձայն չեմ դռնփակի տրամաբանության հետ: Հիմա մարդիկ իմանան, որ ԱԺ-ն դռնփակ նիստ է անում, սպեկուլյատիվ աժիոտաժն ավելի է  մեծանալու»,-ասաց նա:


Ըստ նրա, ԿԲ-ն ու Կառավարությունը թեև այսօր հայտարարություն են արել, սակայն այն ոչ մի բան չի ասում: «Մարդկանց միակ հույսը այն է, որ հարցուպատասխանի միջոցով պատասխան կլինի: Ես դեմ եմ քվեարկելու»,-նշեց նա:


«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ  քննարկումից հետո համապատասխան հաղորդում կանեն: