Երթուղիների վարորդների գործադուլը կարող է համատարած բնույթ կրել. Ուղևորափոխադրողների միության նախագահ

14:40 • 17.12.14

Գազալցակայաններում գազի թանկացման պատճառով ուղևորափոխադրում իրականացնող մի քանի երթուղիների վարորդներ այսօր դադարեցրել էին աշխատանքը և գործադուլ էին իրականացնում՝ բողոքելով գազի բարձր գներից և նշելով, որ խնդրին պետք է անհապաղ լուծում տրվի։


Tert.am-ի հետ զրույցում ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց, թե այս վիճակը սպասելի էր, և հնարավոր է, որ գործադուլ անողների թիվը մեծանա:


«Այն, ինչ մենք ասում էինք մեկուկես տարի առաջ, 2008 թվականից գոռում էինք, որ այսպես շարունակել չի կարելի, ընկերությունները վնասով են աշխատում, մեզ ասում էին, թե դուք գերշահույթով եք աշխատում, և այդ սափրած գլուխները ժողովրդի փողերն են ուտում: Դե հիմա թող ժողովուրդը ոտքով ման գա»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:


Դիտարկմանը, թե մեկ տարի առաջ գազն այլ գին ուներ, հիմա այլ գին է, Եղիազարյանն արձագանքեց, թե դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին է հաշվարկ իրականացվել և պարզվել, որ 250 դրամ է պետք փոխադրումն իրականացնելու համար:


«Մենք ընդամենը 150 դրամ էինք ուզում: Իսկ այս թանկացումներից հետո պարզապես աշխատելը դարձել է անհնար: Հասկանո՞ւմ եք, փոխադրողները վերջին շապիկն էլ են ծախել, որտեղի՞ց նրանք գումար հայթայթեն»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:


Նա նշեց, որ այժմ 5-6 երթուղիներ չեն աշխատում. «Հետո այդ 6-ը կդառնա 20, հետո 40, հետո ամբողջ քաղաքը կկանգնի, հետո կընկնենք կոլապսի  մեջ, հետո կլինի իշխանափոխություն, հետո կլինեն ուրիշ բաներ: Մենք ասում էինք, մի՛ թույլ տվեք, որ հասնի նրան, որ վարորդներն էլ չաշխատեն»:


Ուղևորափոխադրողների միության նախագահն ասաց, թե վարորդները չեն տեղավորվում իրենց հասույթի մեջ:


«Ավտոգազը 190 դրամից դարձել է 230 դրամ, և հնարավոր է՝ էլի թանկանա, քանի որ ինչքան դոլարի կուրսը բարձրանում է, լիցքավորողներն այնքան գազի գինը բարձրացնում են, որ վնաս չունենան»,-ակնարկեց Եղիազարյանը:


Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, առաջիկայում ի՞նչ է սպասվում, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց. «Կներեք, չեմ ուզում վատ բաներ ասել, որովհետև վատ բաներ են սպասվում»:


Մյուս հարցին, թե հնարավո՞ր է համատարած բոլոր երթուղիները չաշխատեն, միության նախագահն արձագանքեց. «Հենց դրանից եմ վախենում»:


Վերջինիս խոսքով՝ իրենք նամակ են գրել քաղաքապետին, ներկայացրել են իրավիճակը, և զգուշացրել, որ վարորդները չեն պատրաստվում աշխատել: