ԵՄ-ի հետ համագործակցության 15 պայմանագիր ստորագրվեց

16:58 • 18.12.14

Հայաստանի հետ Եվրոպական միության համագործակցության 15 պայմանագիր ստորագրվեց այսօր։ Պայմանագրերը կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:


Ընդհանուր 10 մլն եվրո բյուջե է նախատեսված: Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ նշելով, որ ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով:


ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով  տեխնիկական աջակցություն  կտրամադրվի գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփոխումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու Գյուղատնտեսության նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը:  Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:


Նոր պայմանագրերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: