ԵՄ-ն մոտ 34 մլն եվրո կհատկացնի Հայաստանին և Արևելյան գործընկերության մյուս երկրներին

21:23 • 18.12.14

Եվրոպայի խորհուրդն ու Եվրամիությունը օգնության նոր ծրագիր են սկսում «Արևելյան գործընկերության» երկրների համար, որի նպատակն է` ժողովրդավարության զարգացումը և օրենքի գերակայությունը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

 

Նոր ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, դրա շրջանակներում ընդհանուր 33,8 մլն եվրո կտրամադվի Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին Մոլդովային, Բելառուսին, Ուկրաինային:

 

Այսօր Բրյուսելում համապատասխան համաձայնագիր են ստորագրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատանի - Դրագոնին և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միխաել Քելլերը:

 

Ստորագրումից առաջ իր ելույթում Բատանի - Դրագոնին ասել է, որ Արևելյան գործընկերության երկրներում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան՝ բնակչության խոցելի շերտերի հանդեպ հարաբերություններում, ընտրական օրենսդրության մեջ, կոռուպցիայի դեմ պայքարում:

 

Եվրոպացի պաշտոնյաները չեն բացառել, որ երեք տարուց հետո ծրագիրը նորից կշարունակվի, ու Եվրոպան կօգնի իր հարավային հարևաններին: