Գայլերի մորթիների հանձնումն ավարտվեց

19:55 • 18.12.14

Բնապահպանության նախարարության կողմից դեռևս հոկտեմբերին հայտարարված` գայլերի մորթիների ընդունման ծրագիրn այսօր ավարտվեց: Ինչպես Tert.am-ին տեցեկացրեց նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գայլերի մորթիների ընդունման հանձնաժողովի նախագահ Աշոտ Ավալյանը, մեզ հետ զրույցի պահին՝ 80-ից ավելի մարդկանց կողմից ներկայացվել է  գայլի 123 մորթի, թեև նախարարությունը, ծրագրի համապատասխան, պատրաստ էր ընդունել 200-ը:

 

«Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 20 մլն դրամ, այսինքն` յուրաքանչյուր գայլի դիմաց 100 հազ. դրամ: Մենք այս պահի դրությամբ արդեն 12 մլն 300 հազ. դրամ վճարել ենք որսորդներին»,-ասաց նա:


Ինչպես նշեց Աշոտ Ավալյանը` այդ մորթիները ոչնչացվում են, քանի որ անպիտան են, իսկ դրանց մշակումը՝ բավական թանկ:


«Մորթիներն ընդունվում են Կենդանաբանության ինստիտուտում, նմուշառումներ են վերցվում, ուսումնասիրություններ են արվում, որից հետո ոչնչացվում են, ինչի համար նախատեսված հատուկ հորեր ունենք: Եթե ցանկացողներ են լինում, տալիս ենք ու անվճար: Օրինակ` նախորդ տարիներին Կենդանաբանության թանգարանից հինգ հատ խնդրեցին, հատկացրեցինք: Եթե նման առաջարկներ լինում են, մենք հատկացումներ անում ենք»,-ասաց նա:


Հարցին, թե արդյո՞ք որսորդները իրավունք ունեն փոքր գայլերին որսալ ու դրա դիմաց գումար ստանալ, պատասխանեց, որ սկզբունքորեն իրենց համար որևէ տարբերություն չկա, թե գայլը ինչ տարիքի է:


«Այստեղ սկզբունքային որևէ նշանակություն չունի, ընդունում ենք ցանկացած տարիքի գայլի մորթի: Մենք այդքան էլ համաձայն չենք բնապահպանների այն գնահատականներին, թե այս ծրագրով վտանգում ենք գայլերի գոյությունը: Գայլերի խնդիրը դեռ խորհրդային տարիներից հենց այս կարգով է լուծվել, եթե նկատում եք՝ շեմ ենք դրել՝ 200 գայլ, ու այստեղ հաշվարկ կա: Մենք գայլերի թվաքանակը կարգավորելու խնդիր ենք դրել»,-ասաց նա:


Աշոտ Ավալյանն ընդգծեց, որ Հայաստանի կողմից կիրառվող այս պրակտիկան աշխարհի  շատ երկրներում է ընդունված, օրինակ՝ Ռուսաստանում:


«Եվրոպական երկրներ կան, որտեղ ընդհանրապես վերացրել են գայլերին՝ Գերմանիան, Ավստրիան և այլն: Իհարկե՝ մենք դրան դեմ ենք ու նման խնդիր դրված չէ, մենք ընդամենը թվաքանակի կարգավորման խնդիր ենք փորձում լուծել, որպեսզի գյուղատնտեսութանը, մարդկանց մեծ վնասներ չտան, ինչպես հաճախ պատահում է վերջին շրջանում»,-ասաց նա:


Հարցին, թե ծրագիրը չի՞ սպառնում Հայաստանում գայլերի ոչնչացմանը, պատասխանեց. «Գայլերի իսպառ վերացման վտանգ այս ծրագրի շրջանակում  չկա, որովհետև եթե ուրիշ որևէ բան չլինի, մենք ունենք հատուկ պահպանվող տարածքներ՝ մոտ 180-200 հազ. հա տարածքով, որտեղ ընդհանրապես որսն արգելված է, գայլերն իրենց այնտեղ շատ լավ են զգում»,-ասաց նա և ավելացրեց, որ գայլի մորթի հանձնողների հիմնական մասը որսորդներ չեն, այլ անտառամերձ համայնքի բնակիչներ, որոնք գայլերին սպանել են իրենց բնակավայրերի շրջակայքում:

 

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է 2011, 2013 և 2014թթ-ին: Ինչպես նշեց Աշոտ Ավալյանը՝ հնարավոր է՝ որոշում կայացվի հաջորդ տարի ևս նման ծրագիր իրականացնելու մասին: