Կառավարության որոշմամբ խաղատների մուտքերի մոտ կտեղադրվեն HD որակ ապահովող տեսախցիկներ

12:29 • 18.12.14

Կառավարության որոշմամբ բոլոր խաղատների մուտքերը մշտապես կտեսաձայնագրվեն:


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նաև նախատեսում է, որ տեսախցիկները պետք է լինեն բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ մթության մեջ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:


Ինչպես նշեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, փոփոխությունն իրականացվում է իրավախախտումները կանխարգելելու և դրանք բացահայտումն  ապահովելու նպատակով:


Տեսաձայնագրող սարքը խաղասրահի դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու խաղասրահի (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին:


Խաղասրահի տեսաձայնագրող սարքը պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու խաղասրահում կատարվող գործողություններին:


Խաղասրահի մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Խաղասրահի տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: