Հայաստանում համաժողովրդական շարժում այդպես էլ չստեղծվեց. Արմեն Բադալյան
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նոմինալ իմաստով 2014 թվականի կարևոր իրադարձություն համարեց կառավարության, մասնավորապես՝ վարչապետի փոփոխությունը:
«Հայաստանի կառավարությունը որոշում է ՀՀ Նախագահը, իսկ վարչապետը կլինի Տիգրան Սարգսյանը, Սարգիս Տիգրանյանը, Հովիկ Աբրահամյանը, թե Աբրահամյան Հովիկը, դա ունի զրո նշանակություն»,-ասաց նա և նշեց, որ թեև կառավարությունը փոխվեց, բայց որևէ տնտեսական քաղաքականություն արմատապես չփոխվեց:
Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ Հայաստանում համաժողովրդական շարժում այդպես էլ չստեղծվեց, եռյակի կողմից եղավ երկու հանրահավաք, որոնք իրենց խնդիրը լուծեցին՝ սահմանադրական փոփոխությունները չիրականացնելու հարցում: Նա ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները «մարդ» կուսակցությունների հետ պարզապես կարճատև PR էր։
«Այդ կուսակցությունները քաղաքական դաշտի զրոներն են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, ապա նա ասաց, որ անդամակցության արդյունքում Հայաստանն իր ինքնիշխանությունը չի կորցնի, քանի որ այն վաղուց է կորցրել և վաղուց է դարձել վասալ:
Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել աշխարհաքաղաքական բուռն զարգացումների ֆոնի վրա: Նա ևս գտնում է, որ երկրի ներսում կարևոր իրադարձությունը կառավարության փոփոխություններ էր, թեև ռազմավարական ծրագրային առումով լուրջ փոփոխություններ տեղի չունեցան:
Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող դրամի արժեզրկմանը, Վիգեն Հակոբյանն ասաց. «Արտարժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձությունները արձանագրեց մեր տնտեսության ողբալի վիճակը, և մենք տեսանք, որ մեր տնտեսությունը իմունիտետ չունի արտաքին և ներքին սպեկուլյացիաների համար»:










