Գրեթե բոլոր վերլուծաբանները մոտալուտ մահ են կանխատեսում Եվրասիական տնտեսական միությանը. Վ. Տեր-Մաթևոսյան

14:30 • 18.12.14

Այն, ինչ տեղի է ունենում ԵՏՄ-ի հետ, շատ հետաքրքիր ձևով զուգահեռվում է 1922 թվականին Խորհրդային միության ձևավորման գործընթացի հետ. այսպիսի տեսակետ հայտնեց պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե կկայանա՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությունը:


Պատմաբանը ասաց, թե չի ցանկանում, որ զուգահեռներ անցկացվեն Խորհրդային միության և ԵՏՄ-ի միջև, բայց շատ բան կախված է նրանից, թե Ռուսաստանը որ ուղղությամբ կգնա:


«Այն ժամանակ Խորհրդային միությունը, լինելով մեկուսացված և չճանաչված երկիր, ոչ մեկ չէր հավատում, որ այդ երկիրը կարող է լինել այն, ինչ դարձավ տասնամյակներ հետո: Ռուսաստանը միշտ եղել է էնիգմատիկ երկիր, այդպես էլ կշարունակի մնալ, Ռուսաստանն ինչպես մի ուղղությունից շատ արագ շեղվել է դեպի մյուս ուղղություն, այդպես էլ կշարունակի»,-հայտարարեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:


«Շատ բան կախված է նրանից, թե Հայաստանը կկարողանա՞ արդյոք որոշակիորեն կոնսոլիդացնել իր ազգային և պետական շահերն այս գործընթացում: Եթե նույնիսկ արդյունքը լինի շատ խնդրահարույց, ապա ընթացքը շատ ավելի կարևոր է: Եվ այստեղ է, որ մեզ համար պետք է կարևոր լինի, թե ԵՏՄ-ն իր էությամբ կվերածվի՞ աշխարհաքաղաքական նախագծի, թե՞ ոչ: Թեև կան որոշ վերլուծաբաններ, որոնք հավատում են ԵՏՄ ապագային, բայց գրեթե բոլոր վերլուծաբանները մոտալուտ մահ են կանխատեսում այս տնտեսական միությանը»,-եզրափակեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը: