Վահրամ Տեր-Մաթևոսյանի կարծիքով `Հայաստանը առնվազն հունվարի 1-ից չի դառնա ԵՏՄ անդամ, դա կարող է լինել շատ ավելի ուշ
Իրականում ռուս-բելառուսական հակասությունները շատ լավ հնարավորություն կարող են լինել Հայաստանի համար՝ ինչ-որ բան Ռուսաստանից կորզելու, բայց կրկին Հայաստանը շարունակում է մնալ հանդիսատեսի դերում և ընդամենը հետևել տեղի ունեցածին:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը և այդ միությունում առկա խնդիրներին, ասաց Օսլոյի «Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի» (NUPI) կողմից իրականացված «Ինտեգրացիան ընդդեմ անվտանգությանը. Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառների ուսումնասիրություն» հետազոտական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով Բելառուսը և Ղազախստանը կվավերացնե՞ն այդ միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթը, Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց. «Նույնը նաև Ղազախստանի հետ տեղի ունեցող իրադարձություններն են: Ինձ թվում է՝ այստեղ կա որոշակի պայմանավորվածություն, և ամեն դեպքում Բելառուսը և Ղազախստանը կվավերացնեն: Կարծես 23-ին Ղազախստանի առաջին պալատում լինելու է հաստատումը: Ինձ մոտ ներքին տպավորություն կա, որ ինչ-ինչ պատճառներով Հայաստանը առնվազն հունվարի 1-ից չի դառնա անդամ, դա կարող է լինել շատ ավելի ուշ: Եվ դա լինելու է շատ ավելի խորհրդանշական, քան ինչ-որ քաղաքական մեսիջ կպարունակի իր մեջ, քանի որ ինչ Ռուսաստանը ծրագրում է, միշտ չէ, որ Բելառուսն ու Ղազախստանը կիսում են»:










