Հարուցվել է քրեական գործ` երիտասարդ աղջկա առևանգման դեպքի առթիվ

21:05 • 22.12.14

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  երիտասարդ աղջկան առևանգելու դեպքի առթիվ։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է դստերը:

 

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչ Հայրապետը, նախնական համաձայնության գալով համագյուղացի, միաժամանակ նաև աղջկա ազգական  Հովհաննեսի և իր  ազգական Արթուրի հետ, 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 12-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված զորամասի մոտակայքից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով, առևանգել է Սիսիան քաղաքի բնակչուհուն և նրա կամքին հակառակ նստեցրել իր կողմից շահագործվող «Վազ 2106» ավտոմեքենան և տարել  Գորիս։ Աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը, որի պատճառով հաջորդ օրը` ժամը 03-ի սահմաններում, նրան վերադարձրել է տուն:


     Առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


Կատարվում  է նախաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: