Ռուսաստանում ՃՏՊ-ից հետո ոստիկանին առևանգել են և կտտանքների ենթարկել
Ռուսաստանում բարձրաստիճան ոստիկան Միխայիլ Դավշանին առևանգել են և մի քանի ժամ շարունակ խոշտանգումների ենթարկել, գրում է lifenews.ru-ն։
Կոնֆլիկտը սկսվել է ոչ մեծ ճանապարհատրանսպորտային պատահարից, որը շատ հնարավոր է՝ չարագործների կողմից է հրահրվել։
Ոստիկանն իր մեքենայով ընթանալիս է եղել Մոսկվայի շրջանի Նովոյե գյուղում, երբ մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի։ Երբ նա դուրս է եկել պարզելու հանգամանքները, նրան իր կամքին հակառակ նստեցրել են մեքենան և առևանգել։ Նրան տարել են անտառ և մի քանի ժամ շարունակ ծեծի և խոշտանգումների ենթարկել։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ ոստիկանն ունեցել է կապտուկներ, քերծվածքներ և այրվածքներ, ինչպես նաև նրան ներարկել են անհայտ դեղանյութ։
Մի քանի ժամ անց նրան բաց են թողել, որից հետո նա դիմել է ոստիկանություն։ Այժմ հարուցվել է քրեական գործ։










