Ջորջ Քլունիի կինը Փերինչեքի գործով Հայաստանի շահերը կպաշտպանի ՄԻԵԴ-ում

10:40 • 23.12.14

Միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Ալամուդինը, ով հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո վերցրել է նրա ազգանունը, պատրաստվում է հաջորդ ամիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնել Հայաստանը:

 

Ինչպես նշում է armenianweekly.com-ը, Ամալ Քլունին բարձրակարգ իրավապաշտպան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում:

 

Աղբյուրը նկատում է, որ հաշվի առնելով Քլունիի մասնագիտական ներուժն ու փորձը՝ կարելի է  վստահորեն ասել, որ նա մեծ առավելություն կտա Ստրասբուրգում Հայաստանի փաստաբանական թիմին: Հայտնի է, որ Քլունին հունվարի 28-ին մասնակցելու է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավարությանը: Վերջինս 2005թ. ճամփորդել է Շվեյցարիա և այնտեղ հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ինչից հետո ազատազրկվել է:

 

Այնուհետև, 2008թ. Փերինչեքը դիմել է ՄԻԵԴ, որն էլ 2013թ. դեկտեմբերին վճռել է, որ Շվեյցարիան ոտնահարել է թուրք քաղաքական գործչի ազատ խոսքի իրավունքը:

 

Աղբյուրը նկատում է, որ այս վճիռն անարդար է, անընդունելի և որ դրա կայացման ժամանակ կիրառվել են երկակի չափանիշներ. ՄԻԵԴ-ը հրեաների Հոլոքոստի ժխտումը հանցանք է համարում, իսկ Հայոց ցեղասպանությանը` ազատ խոսքի իրավունքի ոտնահարում:

 

Նշվում է, որ Շվեյցարիայի դեմ վճիռ կայացրած դատավորները թույլ են տվել բազմաթիվ մասնագիտական սխալներ` անտեսելով Շվեյցարիայի իրավական համակարգը: Ուստի՝ Շվեյցարիայի իշխանությունները 2017թ. մարտի 17-ին որոշել են դիմել ՄԻԵԴ` սեփական երկրի իրավական համակարգի իրավացիությունը պաշտպանելու համար:

 

Աղբյուրը հավելում է, որ անցած տարի, երբ ՄԻԵԴ-ում ընթացել է Փերինչեքի դատավարությունը, Հայաստանը չի մասնակցել, մինչդեռ Թուրքիան միջամտել է գործին` ներկայացնելով Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող ծավալուն թղթաբանություն:

 

Սակայն այս անգամ հայկական կողմը ևս մասնակցություն կունենա` «զինված» իր գործի գիտակ հանդիսացող մասնագետների թիմով:
 

Ջորջ Քլունիի կինը Փերինչեքի գործով Հայաստանի շահերը կպաշտպանի ՄԻԵԴ-ում