Ղազախական գյուղի բնակիչներին շարունակում է ահաբեկել «քնի հիվանդությունը»

09:25 • 23.12.14

Ղազախստանի հյուսիսում գտնվող Կալաչի գյուղի 4 բնակիչ հոսպիտալացվել է` «քնի հիվանդության» ախտանիշով, հայտնում է interfax.ru-ն:

 

Բժիշկները հայտնել են, որ քնածների թվում կա 1 երեխա և 3 չափահաս: Նշվում է նաև, որ շաբաթ օրվանից նույն ախտանիշով հոսպիտալացվել է 10 մարդ:

 

Կալաչիի բնակիչները սկսել են բողոքել օրեր տևող քնից, հիշողության կորստից ու տարբեր հալուցինացիաներից` անցած տարվա մարտից: Աղբյուրը նշում է, որ մասնագետների անցկացրած բազմաթիվ հետազոտություններն արդյունք չեն տվել, և օրեր տևող քնի պատճառը շարունակում է անհայտ մնալ:

 

Տեղաբնակները նկատել են, որ հիվանդությունն ավելի ագրեսիվ է դառնում հատկապես տաք օրերին: Տեղի իշխանությունները խոստացել են Կալաչիի բնակիչներին 2015թ. վերաբնակեցնել մեկ այլ վայրում:

 

Աղբյուրը հավելում է, որ խորհրդային տարիներին գյուղի հարևանությամբ եղել են ուրանի հանքեր, որոնց շահագործումն այժմ դադարեցված է: Ուստի՝ չի բացառվում, որ մարդկանց առեղծվածային քնկոտությունը կապված է հանքերի հետ: