Եվրոպայում հասարակությունը ավելի շատ համակարգվում է և փորձում է պաշտպանվել ինչ-ինչ երևույթներից. Հ. Իգիթյան
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով ֆրանսիական խմբագրության՝ Շառլի Էբդոյի ահաբեկչությանը, նշեց, որ աշխարհում աշխարհակարգ է փոխվում։
-Պարո՛ն Իգիթյան, ի տարբերություն 2014-ի, երբ տարածաշրջանում ուշադրությունը սևեռված էր Ուկրաինայի և Ռուսաստանի վրա, 2015-ին ուշադրության կենտրոնում են Ֆրանսիան և եվրոպական երկրները:
-Աշխարհում աշխարհակարգ է փոխվում:
-Քանի որ սա շատ ընդհանուր նախադասություն է, խնդրում եմ մատնանշեք այդ փոփոխություններում ներգրավված հիմնական ուժերին:
- Մենք առաջին հերթին խոսում ենք Եվրոպայի մասին, երբ խոսքի ազատությունը բերում է ինչ-ինչ պրոբլեմների: Նկատի ունեմ այն, ինչ կատարվեց Ֆրանսիայում: Հասարակությունը ավելի շատ համակարգվում է և փորձում է պաշտպանվել ինչ-ինչ երևույթներից:
-Մինչև Շառլի Էբդոյի ահաբեկչությունը Եվրոպայում արդեն իսկ ազգայնական ուժերը մեծ վարկանիշ էին ձեռք բերել, հանրահավաքներ ու բողոքի ալիք էր երկրներում ներգաղթային քաղաքականության վերաբերյալ: Երեկ Մարսելում հայ երիտասարդ սպանվեց: Ձեր կարծիքով, եթե այլազգիների նկատմամբ այս տրամադրություններն ավելի ագրեսիվ դառնան, նկատի ունեմ կենցաղային-հասարակական մակարդակով, իրենք բաժանում դնելո՞ւ են հայ և մահմեդական, քրիստոնյա և մահմեդական ներգաղթյալների նկատմամբ:
-Բավականին դժվար է բոլոր եվրոպական երկրների համար պատասխանել մեկ նախադասությամբ, որովհետև ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները: Դա պայմանավորված է սոցիալական խնդիրներով, աշխատանքի բացակայության և ընդհանուր առկա սոցիալական ֆոնով՝ Իտալիա, Իսպանիա, Հունաստան: Ազգայնական ես չէի ասի, բայց այն ուժերը, որոնք ավելի շատ ուղղված են տեղական խնդիրներին ու սոցիալական կարիքներին կամ գործազրկության խնդիրներին, նրանք ավելի շատ ձայներ կունենան:
-Ֆրանսիայի աջերի առաջնորդը սահմանի վերահսկողության նպատակով կոչ է անում, որ Ֆրանսիան մաքսակետեր, սահմանապահներ մտցնի ԵՄ անդամ երկրների միջև: Այսինքն՝ ԵՄ ներսում փակ սահմանների մասին է խոսքը: Սա հնարավո՞ր եք համարում, այսինքն՝ իր ներսում փակ Եվրոպա դառնալը:
-Ամեն տեռորիստական դեպքից հետո լինում են էմոցիոնալ որոշ հայտարարություններ, բայց դա չի նշանակում, որ հետագայում այդ կուսակցություններն օգտագործելու են դրանք: Հակառակը, ԵՄ երկրների միջև նորից սահմաններ ու անցակետեր դնելը մի քիչ դժվար պատկերացնելի է, բայց գործընթաց, իսկ որ այս երկրների իրավապահ մարմինների գործակցությունը կմեծանա, սպասելի է:
-Ի՞նչ հետևանքների կհանգեցնեն այս փոփոխությունները:
-Դա կբերի մահմեդականության դեմ ցույցերի, ազգայնական ուժերը մոտակա ընտրություններում կաշխուժանան, Ֆրանսիայում տեսեք ինչ է կատարվում։ Ցանկացած այսպիսի ահաբեկչական սպանություն հասարակությանը նորից բերելու է ավելի ցնցումների, և այն պասիվությունը, որ եղել է ընտրությունների ժամանակ, այսօր արդեն հասնելու է ավելի ակտիվ ֆազայի:










