ԿԳ նախարարն արհեստական է համարում ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող ՀԿ-ին գումար տալու շուրջ աժիոտաժը

13:07 • 14.01.15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը արհեստական է համարում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգմավոր, թիվ 43 ավագ դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանին պատկանող «Իրավաբանական անձանց միություն» ՀԿ-ին 20 մլն դրամ տրամադրելու որոշման հետ կապված աժիոտաժը, ինչի մասին գրել էին լրատվամիջոցները:


«Տիկին Ռուզաննա Մուրադյանը մինչև ԱԺ պատգամավոր դառնալը թիվ 43 ավագ դպրոցի տնօրենն է եղել, ամենաակտիվ տնօրեններից էր, որի  հետ աշխատանքը կրթական բարեփոխումների հետ կապված սկսվել էր վաղուց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Նախարարը շեշտեց, որ համագործակցությունն ընթանում է ոչ թե պատգամավորի հետ, այլ այն իրավաբանական անձանց միությունների հետ, որոնք պետական կառույց են, որտեղ ինքն անձամբ սխալ մեկնաբանություններ է նկատում. «Իրավաբանական անձանց միությունը կազմված է ՊՈԱԿ-ներից: Այդ կառույցը ստեղծվել է Համաշխարհային բանկի դեռ նախորդ վարկային ծրագրի գործունեությունից։ Այդ կառույցին ժամանակին ավելի լուրջ գումարներ են տրվել, իրականացվել է լուրջ աշխատանք: Այս տարի, որպեսզի պետությունն այդ ծրագրի շարունակականությունը պահի և չասի հանկարծ հասարակությունը, որ գիտեք՝ վարկը պրծավ, կառույցը պահեցիք, իզուր էդքան փող ծախսեցիք, իզուր վերապատրաստվեցիք, իզուր արեցինք այս ամենը, պետությունը վարկային գծի մարումից հետո լավագույն ծրագրին շարունակականություն է տալիս»:


Նախարարը վստահեցրեց, որ այս պատմության հետ կապված աժիոտաժը մասնագիտական որևէ հիմք չունի. «Քաղաքական որևէ աստառ չկա սրա տակ։ Օրինակ բերեմ, եթե այդ ՀԿ-ի տնօրենը լիներ տիկին Անահիտ Բախշյանը, մեկ է, այդ գործը լինելու էր»: