Մայրաքաղաքային և մարզային դպրոցները տալիս են կրթության համարժեք որակ. Արմեն Աշոտյան
Հանրապետության ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ մասնագիտացված, հատուկ և տարրական դպրոցների, 2014-ին վարկանիշավորվել են:
Ամփոփելով արդյունքները՝ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ դպրոցները դարձել են ավելի կազմակերպված, իհարկե եղել են դեպքեր, երբ դպրոցները ոչ արժեհավատ տեղեկություն են տրամադրել, ԿԳՆ աշխատողները ստիպված են եղել ստուգել:
«Ի տարբերություն հանրային այն ընկալման, որ կրթության որակը խիստ անհավասարաչափ է մարզերում և մայրաքաղաքում, օբյեկտիվ չափագրման արդյունքում ստանում ենք տվյալներ, որ համադրելի դպրոցների պարագայում ստանում ենք գրեթե համարժեք տվյալներ, այսինքն՝ մայրաքաղաքային դպրոցները և մարզային առաջատար դպրոցները տալիս են կրթության համարժեք որակ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դա իրենց ուրախացնում է, քանի որ հերքում է այն կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ դրա մասին է վկայում նաև բուհական ընդունելության ցուցանիշը: «Ես երկու տարի շրջում եմ, ամփոփում եմ քննությունները և ձեզ տվյալներ եմ հաղորդում, որ տարվա արդյունքում մենք ունենում ենք ավելի շատ մարզային, քան մայրաքաղաքային ուսանողներ: Սա նույնպես ցուցանիշ է, որը վկայում է, որ մարզային դպրոցներում կրթության որակը բավական բարձր է բուհ ընդունվելու համար, թեև այնտեղ այդքան շատ չի տարածված կրկնուսույցների մշակույթը, մարդիկ այդքան վճարունակ չեն, բայց միևնույն է, մարզային ուսանողների թիվը վերջին տարիներին մեզ մոտ աճում է և մարզային դպրոցների ցուցանիշները լավն են նաև այս առումով»,-ասաց նախարարը:
Վերջինս նաև շեշտեց, որ առաջատար են Գյումրու մի շարք դպրոցներ, երկրորդ տեղում է Լոռու մարզը, նաև Սյունիքի դպրոցներն են բավականին հաջող գործում, այսինքն` միջմարզային մրցակցություն էլ կա, ինչը խրախուսելի է. «Իհարկե, կլինեն ապագայում խրախուսման մեխանիզմներ, որը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական, այսինք` հաջորդ տարի պետք է սերտիֆիկատներ շնորհենք, թե որ անվանակարգում որ դպրոցն է առաջատար: Այստեղ միակ խնդիրը լավագույններին հայտնաբերելը չէ, այլև պրոբլեմները հայտնաբերելը, սա ախտորոշիչ մեխանիզմ է»:










