Գիտնականներին տրվող հավելավճարը 2.5 անգամ բարձրացել է

12:19 • 14.01.15

2015թ. հունվարի 1-ից աճել են գիտական ծրագրերում ընդգրկված և գիտական աստիճաններ ունեցող գիտնականների՝ պետությունից ստացվող հավելավճարները:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:


Նա նշեց, որ եթե նախկինում գիտության դոկտորի աստիճան ունեցող գիտնականները ստանում էին 20 հազ. դրամ հավելավճար, իսկ գիտության թեկնածուները՝ 10 հազ. դրամ, ապա այսուհետ ստանալու են 2.5 անգամ ավելի:


«Այսպիսով՝ գիտության դոկտորները բացի աշխատավարձից կստանան 50 հազ. դրամ հավելավճար, իսկ գիտության թեկնածուները՝ 25 հազ. դրամ, ինչի արդյունքում ընդհանուր գումարային աշխատավարձը կբարձրանա 25-30%-ով»,-ասաց նա:


Սամվել Հարությունյանը նաև նշեց, որ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթին ներկայացվել է 284 հայտ, որից հաղթող ճանաչված 100 գիտնականները 1 տարի շարունակական ամսական աշխատավարձից բացի կստանան ևս 135 հազ. դրամ: