Վրաստանի վարչապետը պատմել է ուսանողական տարիներին մատուցող և սպասք լվացող աշխատելու մասին

16:56 • 14.01.15

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատմել է վարչապետ դառնալու իր ճանապարհի մասին՝ հիշելով, թե ինչպես է արտերկրում ուսանելու տարիներին մատուցող ու սպասք լվացող աշխատել՝ անգամ չերազելով այսօրվա պաշտոնի մասին, տեղեկացնում է Грузия online-ը:

 

«Սորբոնի համալսարանում սովորելու տարիներին ես ռեստորանում մատուցող եմ եղել, բայց միշտ ցանկացել եմ ծառայել իմ երկրին, սակայն անգամ չէի կարող պատկերացնել, որ վարչապետ կդառնամ»,- պատմել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Leaders պարբերականին տված հարցազրույցում:

 

Նա պատմել է, որ աշխատել է մասնավոր հատվածում, ձեռք է բերել հետաքրքիր փորձ, ծանոթացել է տաղանդավոր մարդկանց, այդ թվում՝ իրեն նախորդած վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

 

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ ինքը պատիվ է ունեցել աշխատելու ներքին գործերի նախարարի պաշտոնում:



«Ես գիտեմ, թե ինչ է սպասում մասնավոր հատվածն իշխանությունից, գիտեմ բիզնեսի լեզուն և այն, թե ինչ է անհրաժեշտ երիտասարդ սերնդին: Սորբոնում սովորելու տարիներին ես մատուցող եմ աշխատել և ռեստորանում սպասք եմ լվացել», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Վարչապետի խոսքով՝  պաշտոնում գտնվելու ընթացքում շատ կարևոր է հավատարիմ և անկեղծ լինել: