Գյումրու դեպքի քննությունը պետք է վարեն Հայաստանի քննչական մարմինները. Հովհաննես Իգիթյան

15:40 • 14.01.15

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով Գյումրիի հանցագործության՝ ռուս իրավապահների հետ համատեղ քննությանը, նկատեց. «Չի լինում համատեղ, քննությունը իրականացնում է հայ քննիչը, ով պետք է գնա, դուռ առ դուռ ծեծի, վկաներ հայտնաբերի: Դա պետք է անեն Հայաստանի քննչական մարմինները, այլ կերպ հնարավոր չէ: Նաև լեզվի հարցն էլ եմ բարձրացնում, որովհետև, ի վերջո, դա պետք է իրականացվի նաև Հայաստանի օրենսդրության համաձայն»:


-Պարո՛ն Իգիթյան, վերլուծաբանները նշում են, որ աշխարհում աշխարհակարգ է փոխվում: Քանի որ սա շատ ընդհանուր նախադասություն է, խնդրում եմ մատնանշեք այդ փոփոխություններում ներգրավված հիմնական ուժերին: Եվ սա արդյո՞ք Հայաստանի համար նոր մարտահրավեր է լինելու:

- Մենք առաջին հերթին խոսում ենք Եվրոպայի մասին, երբ խոսքի ազատությունը բերում է ինչ-ինչ պրոբլեմների: Նկատի ունեմ այն, ինչ կատարվեց Ֆրանսիայում: Հասարակությունը ավելի շատ համակարգվում է և փորձում է պաշտպանվել ինչ-ինչ երևույթներից:
Հայաստանի վրա ինչքանո՞վ է ազդելու… Ես չեմ կարծում, որ Հայաստանը մաս է կազմում միջազգային երևույթների կամ պրոգրեսի, որովհետև Հայաստանը կապում է իր ապագան Ռուսաստանի հետ, մենք պետք է ապագային նրանց կտրվածքով նայենք։ Եվ այն, ինչ կատարվեց Գյումրիում, ևս ապացուցում է, որ Հայաստանը նույնիսկ իր ներսում չի կարող անել իրավապաշտպան գործողություններ, եթե դա ինչ-որ կերպ առնչվում է Ռուսաստանին, լինի ՌԴ քաղաքացի՞, թե՞  ռազմաբազա:

-Եթե տեսականորեն բացառում ենք Գյումրիի հանցագործության կենցաղային հողը և դիտարկենք այն որպես ահաբեկչություն, սա ի՞նչ մեսիջներ կարող է պարունակել Հայաստանի համար, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը 12 օր է՝ ԵՏՄ անդամ է, և 12-րդ օրը ռուս զինվորը ռուսական ռազմաբազայից դուրս է գալիս և գնդակահարում մի ամբողջ ընտանիքի, այդ թվում` մանկահասակ երեխաների:

-Ես հարցին այլ կերպ կպատասխանեի. նայե՛ք, Հայաստանն իր անվտանգությունը կապում է Ռուսաստանի զինված ուժերի, Ռուսաստանի ռազմական պոտենցիալի հետ, իսկ իրականում Ռուսաստանի բանակը քայքայվում է, և այդ զինվորի արարքը գլոբալ տեսակետից նայելու դեպքում արտացոլում է ողջ Ռուսաստանի և ռուսական բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը: Եվ նման երևույթներ ոչ միայն Հայաստանում, այլ պարբերաբար լինում են Ռուսաստանի տարբեր վայրերում: Իսկ Հայաստանում այս դեպքն առավել ևս ցույց տվեց, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունները չեն կարող իրենց օրենքով իրենց վերաբերմունքը ցույց տալ այդ արարքին: Եվ պրոցեսը այնպես է գնում, որ ՌԴ-ն չի էլ պատրաստվում այս զինվորին հանձնել Հայաստանի օրենսդրությանը՝ համապատասխան գործողություներ իրականացնելու համար: Իսկ թե ինչպես պետք է Հայաստանի 6 քաղաքացիների սպանության խնդրով պետք է զբաղվի Ռուսաստանի քննչականը, պարզ չէ, որովհետև օպերատիվ-քննչական պրոցեսներն առնչվում են ՀՀ քաղաքացիներին՝ վկաներ պետք է հարցաքննվեն, հետագայում մեղադրանք ներկայացվի: Պարզ չէ, թե ռուսական բազայում գտնվող մարմիններն ինչպե՞ս պետք է իրականացնեն, քանի որ նրանք իրավունք չունեն ՀՀ քաղաքացիների հետ իրականացնել օպերատիվ-քննչական միջոցառում:

-Եթե քննությունը համատեղ է:

- Չի լինում համատեղ։ Քննությունը իրականացնում է հայ քննիչը, ով պետք է գնա՝ դուռ առ դուռ ծեծի, վկաներ հայտնաբերի: Դա պետք է անեն Հայաստանի քննչական մարմինները, այլ կերպ հնարավոր չէ: Նաև լեզվի հարցն էլ եմ բարձրացնում, որովհետև, ի վերջո, դա պետք է իրականացվի նաև Հայաստանի օրենսդրության համաձայն: